Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում․ բախվել են Volkswagen Crafter-ն ու ЗИЛ բեռնատարը, կա 8 զոհ, 5 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկի վարչական տարածքում, բախվել են Volkswagen Crafter մակնիշի ավտոմեքենան և ЗИЛ մակնիշի բեռնատարը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, կա 8 զոհ և 5 վիրավոր։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Անիի և Գյումրիի հրշեջ-փրկարարական ջոկատները, ժամանել են մեծ թվով շտապօգնության բրիգադներ, ովքեր, վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Դեպքի փաստով Անիի և Արթիկի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների թիվը։