«Доля Воровская»-ի տեղը պետքա «Господа офицеры» երգեիք․ ինչու են իրականում մտել ցմաh դատապարտյալների խցերը

Երեկ՝ ապրիլի 3-ին, «Նուբարաշեն» Քրեակատարողական հիմնարկի ցմահ ազատազրկվածների հարազատները ArmLur.am-ին ահազանգ էին, որ դիմակավորված անձիք մուտք են գործել ՔԿՀ-ի 5-րդ հարկ ու ազատազրկվածներին դաժանաբար ծեծի ենթարկել։ ArmLur.am-ին զանգահարած քաղաքացին հայտնել էր․
«Առանց որևէ մի բառ ասելու` մտել են տղաների մոտ, դուբինկաներով ջարդուփշուր են արել սենյակները, դաժանաբար ծեծել նրանց: Ոչ մեկին ոչ մի բան չեն բացատրել, դեմքները փակ է եղել ու մենք էլ չգիտենք, թե որն է եղել պատճառը»։
ArmLur.am-ին ավելի ուշ ՔԿԾ մամուլի պատասխանատու Նոնա Նավիկյանը հայտնել էր․
««Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկը, նպատակ ունենալով ձեռք բերել առավելություններ այլ ազատազրկված անձանց նկատմամբ, տևական ժամանակ է՝ խաթարում է հիմնարկի բնականոն աշխատանքը, պարբերաբար ներկայացնում է անօրինական պահանջներ և հրահրում այլ ազատազրկված անձանց նույնպես ներկայացնել նման անօրինական պահանջներ։ Քրեակատարողական ծառայությունը, քննելով վերոգրյալ տեղեկությունները, քրեական ենթամշակույթի և այլ անօրինականության դեմ պայքարի շրջանակներում որոշում է կայացրել անօրինականություններ ու պառակտում հրահրող դատապարտյալին տեղափոխել այլ քրեակատարողական հիմնարկ։ Հաջակցություն վերջինիս՝ որոշ կալանավորված անձինք և ցմահ դատապարտյալներ դրսևորել են անհնազանդություն, վնասել են խցերի գույքը, այրել ներքնակները, հարվածել դռներին և այլն»։
Ըստ ArmLur.am-ի զրուցակցի՝ ծառայությունը ֆիզիկական ուժի գործադրմամբ վերջիններիս դուրս է բերել խցերից, իսկ խցերում իրականացվել են խուզարկություններ։
ArmLur.am-ի խմբագրություն էր զանգել դատապարտյալներից մեկը (անվտանգությունից ելնելով՝ խնդրել է գաղտնի պահել իր ինքնությունը) և հայտնել․
«Ինչ քրեական ենթամշակույթի մասին է խոսքը, էն տղան, ում տարել են, հավատացյալ տղայա։ Իրանք տենց են ասում, որ պարտկեն իրանց ասածները։ Հիմա ես ձեզ պատմեմ, թե իրականում ինչա տեղի ունեցել։ Մենք ցմահ դատված ենք, ու թղթերով էլ գրվածա, որ մենք հրաժարվել ենք քրեական ենթամշակույթը կրելուց։ Մի քանի օր առաջ երեկոյան զբոսանքի վայրում տղաները հայրենասիրական երգեր, մոր մասին երգեր, Հայաստանի Հանրապետության հիմն են երգել, և նաև էդ տղեն երգելա «Доля Воровская» երգը։ Աշխատակիցների զգուշացնելուց հետո, որ էտ երգը մի երգեք, էտ երգը չի երգցվել, դրանից մի քանի օր հետո մտնում են մեր խուց, առանց որևէ նախազգուշացման մեր ընկերոջը գողանում տանում են»։
ArmLur.am-ի դիտարկմանը՝ թե ծառայության աշխատակիցների մուտքի ժամանակ ազատազրկվածները այրել են ներքնակները, վնասել են խցերի գույքը, զրուցակիցը հայտնեց․
«Չկա նման բան։ Հո մենք գիժ չենք, որ մենք ստեղ ապրենք ու մեր գույքը վնասենք։ Իրանք մտել են դիմակներով, սաղ մեր ափսեները, սնունդը ջարդուփշուր են արել, լցրել գետնին։ Եթե տենց բան ենք արել, ամբողջ Հայաստանի ժողովրդից ներողություն կխնդրենք։ Ուղղակի կողքի խցերից, անճարությունից ելնելով, գոռացել են դադարեցրեք, դադարեցրեք էս անօրինական գործը։ Ու էտ ընթացքում մասկեքով մարդիկ սկսում են ծեծուջարդը, ու հայտարարում, որ պետքա ոչ թե «Доля Воровская» երգեիք, այլ «господа офицеры» երգեիք։ Հիմա որ օբյեկտներում «Доля Воровская» են երգում, մտնում ծեծո՞ւմ են։ Դե թող ապացույց ներկայացնեն, որ հրդեհա եղել, ծուխա եղել, կամ ջարդուփշուր ենք մենք արել»։
ArmLur.am-ի զրուցակիցը նաև հայտնեց, որ ՄԻՊ աշխատակազմից այցելել են իրենց և ամբողջ իրականությունը տեսել են։ «Թող իրենք ներկայացնեն, թե իրականում ստեղ ինչա եղել մեր հետ»,-նշել է դատապարտյալը։
Ի դեպ՝ դատապարտյալները այս հարցով նամակ-դիմումներ են գրել ՔԿԾ ղեկավար Ծովինար Թադևոսյանին, ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին՝ խնդրելով բացահայտել, թե իրականում ինչ է կատարվել իրենց հետ։