Թալինի ընդդիմությունը հանձնվե՞ց

Թալինի ընդդիմությունը հանձնվե՞ց

Թալինում ՏԻՄ ընտրություններից հետո դասական մանդատագողություն էր տեղի ունեցել։ 2021թ. դեկտեմբերի 5-ին Թալին խոշորացված համայնքում տեղի ունեցած ավագանու ընտրությունների ժամանակ «Զարթոնք», «Հայք» և «Մեր համայնքը» կուսակցությունները ստացել են 11 մանդատ՝ ընդհանուր 21 մանդատից: Ճնշումների արդյունքում ավագանու մեկ անդամի ձայնը ստանալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Տավրոս Սափեյանն ընտրվել է համայնքի ղեկավար, սակայն առ այսօր չի կարողանում ստանձնել համայնքի ղեկավարի լիազորությունները, քանի որ ավագանին նիստեր չի կարողանում անցկացնել՝ քվորումի բացակայության հետևանքով։


Սակայն այս խնդիրն առաջիկայում կլուծվի։ Բանն այն է, որ ընդդիմադիր երեք խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ հայտնելով, թե դադարեցնում են նիստերի բոյկոտը։ Հայտարարության մեջ նկարագրված է ընդդիմադիրների վարքագծի մոտիվացիան․ «Հաշվի առնելով այն, որ գործող իշխանությունն ամեն ինչ անում է իր ներկայացուցչին համայնքի ղեկավարի պաշտոնը հանձնելու համար, ինչը դրսևորվեց նաև Ազգային ժողովի կողմից օրենք ընդունելու միջոցով, նկատի ունենալով այն, որ ստեղծված իրավիճակում հնարավոր չի լինում կազմակերպել գարնան գյուղատնտեսական աշխատանքները և բնակավայրերում իրականացնել որևէ ծրագիր»։

Թալինում ամեն ինչ գնում էր արտահերթ ընտրությունների կազմակերպմանը, եթե ընդդիմությունը չդադարեցրեր բոյկոտը։ Ուրեմն, ինչո՞ւ ընդդիմությունը նահանջեց։ Պատճառը, թերևս, պետք է փնտրել ԱԺ-ում վերջերս ընդունված «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի բովանդակության մեջ։ Նախատեսվում է, որ եթե օրենքով միավորված համայնքի ավագանու առաջին նիստն ավագանու լիազորությունները ստանձնելու պահից քսան օրվա ընթացքում չի գումարվում կամ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով այդ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, ապա Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչև օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը։

Թալինի ընդդիմադիրներն, ըստ ամենայնի, հաշվարկել են, որ եթե անգամ գնան բոյկոտի ու արտահերթ ընտրությունների ճանապարհով, վարչապետը Թալինի համայնքապետի ԺՊ է նշանակելու Տավրոս Սափեյանին։ Իսկ այդ դեպքում՝ գրեթե երաշխավորված կրկնվելու է Վեդիի նախադեպը, երբ ՔՊ-ն հաղթանակ տարավ՝ վարչական ռեսուրսի տոտալ կիրառման շնորհիվ։ Ստեղծված փակուղային իրավիճակում, Թալինի ընդդիմադիր խմբակցությունները որոշել են գնալ գործող ավագանիի պահպանման ճանապարհով, որտեղ ունեն թվային մեծամասնություն ու քաղաքական բարենպաստ իրավիճակում գուցե կարողանան հասնել գործող համայնքապետի պաշտոնանկությանը։

Վահրամ Բագրատյան