1988-ին արցախցու մտքով անգամ չի անցել, որ 37 տարի անց առաջին հարվածը թիկունքից ստանալու ենք պաշտոնական Երևանից

Ղարաբաղյան շարժման 37-րդ տարին է։ Ստեփանակերտից մեկնարկած շարժումը, որը կարճ ժամանակում ոտքի հանեց ամբողջ հայությանը՝ Հայաստանում և Սփյուռքում, ի վերջո, պսակվեց հաջողությամբ։
«Շաբաթներով տուն չէինք գնում։ Մեր տունը Ստեփանակերտի՝ նախկին Լենինի անվան հրապարակն էր։ Միասնական էինք. կա՛ր նպատակ, կա՛ր պայքար, կա՛ր համազգային երազանք ու դրան հասնելու նախադրյալներ։ Մտավորականությունն այն ժամանակ որոշիչ դեր ուներ։ Այդպես մի ամբողջ տարածաշրջանի ժողովուրդ, թիկունքում զգալով Հայաստանի և աշխարհասփյուռ հայության աջակցությունը, պահանջեց ու հասավ երազանքին՝ դուրս գալ Ադրբեջանի խորհրդային սոցիալիստական հանրապետության կազմից, լուծարել ինքնավար մարզի կարգավիճակը, միանալ Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետությանը՝ Արցախի մարզի կարգավիճակով»,- MediaHub-ի հետ զրույցում պատմում է շարժման մասնակից Արև Իսրայելյանը։
Արևը 1988-ին ուսանող էր, սովորում էր Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում։ Հարցին, թե ո՞րն էր պատճառը, որ որոշում կայացվեց դուրս գալու Ադրբեջանի կազմից, մեկ նախադասությամբ ասում է՝ «ինքնության պահպանումը»։
«Ադրբեջանի իշխանությունը օր օրի փորձ էր անում Արցախը տանել ադրբեջանացման։ Եվ անգամ մեր հավատքն ու գիրն էին ուզում այլևս չլինի։ Դպրոցներում մեր կամքին հակառակ պարտադրում էին սովորել ադրբեջաներեն` դա դարձնելով պարտադիր առարկա, իսկ մեր մայրենի լեզուն՝ այլընտրանքային։ Այսպիսի շատ օրինակներ կան։ ԼՂԻՄ ամբողջ տարածքում միայն հայեր են ապրել, այնտեղ ադրբեջանական որևէ պատմություն չկա։ Հիմա, երբ տիրացել են ամբողջ Արցախին, հակառակն են անում»,- պատմում է մեր զրուցակիցը։
37 տարի առաջ փետրվարի 20-ին ամրագրվեց Արցախի վերածնունդը։ Արևն այսօր էլ հավատում է հայկական Արցախի գալիքին, որն ըստ իրեն՝ կգա միայն ՀՀ գործող իշխանության փոփոխությունից հետո։
«Մեզ ազգային իշխանություն է պետք։ 1988-ին միամիտ ժողովրդի մտքով անգամ չի անցել, որ 37 տարի անց առաջին հարվածը մենք թիկունքից ստանալու ենք հենց պաշտոնական Երևանից, միացման երազանքը պահող սերունդները չկասկածեցին, որ իրենց երազանքի առաջին գերեզմանափորը կլինի Հայաստանի իշխանությունը»,- հավելեց նա:
Հունան Թադևոսյան