Ո՞վ է «Դոմուսի» հիմնադիրը, որ նկարվում էր Սերժ Սարգսյանի հետ և մուծվում Աննա Հակոբյանին

Ո՞վ է «Դոմուսի» հիմնադիրը, որ նկարվում էր Սերժ Սարգսյանի հետ և մուծվում Աննա Հակոբյանին

Երեկ խոշոր հրդեհ էր բռնկվել «Դոմուս» խանութների ցանցի՝ Իսակովի պողոտայի մասնաճյուղում։

Մոտ 2500 քմ տարածքով խանութի պահեստային հատվածում բռնկված հրդեհը րոպեների ընթացքում տարածվել էր խանութի ամբողջ տարածքում։ Մոտ երեք ժամ տևած հրդեհաշիջման աշխատանքներից հետո պարզվեց, որ խանութն՝ իր պահեստով, ամբողջությամբ այրվել է՝ տնտեսվարողին պատճառելով մոտ 1 մլրդ դրամի վնաս։ Միայն 800 մլն դրամի գույք է եղել ներսում՝ չհաշված շենք-շինությունը։ 

Անմիջապես հարց առաջացավ՝ արդյոք հակահրդեհային համակարգ ունեցե՞լ է «Դոմուսը», տեսչական մարմնի կողմից ստուգումներ անցե՞լ է։ Երեկ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից ասացին՝ ստուգումներ չի անցել «Դոմուսը», ավելին՝ ավարտական ակտ անգամ չի ունեցել։ Թե ով է մեղավոր այս հարցում, սրան դեռ առանձին կանդրադառնանք։ Բայց երեկվանից շատերին հետաքրրքում էր, թե ո՞վ է «Դոմուսի» սեփականատերը, ինչո՞վ է նա հայտնի, որպես գործարար՝ ի՞նչ  ծագում և հարաբերություններ ունի իշխանությունների հետ, որ նաև առանց համապատասխան ստուգումների և ավարտական ակտի՝ կարողացել է խանութ աշխատեցնել։ 

MediaHub-ը պարզեց, որ նա Արմեն Մուրադյանն է՝ «Դեկորա գրուպ» ընկերության հիմնադիրը։ «Դոմուսը» հենց «Դեկորա գրուպ» ընկերության կազմում ընդգրկված խանութներից մեկն է։

«Դոմուս»-ից բացի այս ընկերությանն են պատկանում նաև «Դեկորա», «Դյուսոն» և «Բարդի» խանութները։ 

MediaHub-ին նաև որոշ ուշագրավ տեղեկություններ հայտնեցին Արմեն Մուրադյանի մասին։ Նախ ասացին, որ նա մեր ժամանակներին հատուկ «դասական» և պրոֆեսիոնալ գործարար է, որի համար կարևորը է նախևառաջ իր բիզնես շահը, դրա համար էլ միշտ մոտ է եղել օրվա իշխանությունների հետ։ Օրինակ՝ վերջին վեց տարին նա Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության հետ է մտերիմ, մասնակցում է Փաշինյանի հրավիրած դրամահավաքներին, որպես խոշոր գործարար՝ մուծվում իշխանական հիմնադրամներին և ՔՊ-ի կուսակցական հիմնադրամին։ Իսկ մինչև 2018 թվականն էլ նա մտերիմ էր նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ու նրա իշխանության հետ, անգամ նկար ունի երրորդ նախագահի հետ, բայց 2018-ից հետո նա, ասացին, հեռացրել է իր մոտից այդ նկարը, քանի որ այլևս ակտուալ չէր նախկին նախագահի հետ նկար ունենալը։

Մուրադյանի գործերը նախկինների օրոք իսկապես շատ հաջող են ընթացել, նա հենց նախորդ իշխանությունների ժամանակաշրջանում է աճել ու զարգացել։ Մի պահ այնքան լավ էին «Դեկորա գրուպի» և հենց «Դոմուսի» գործերը, որ անգամ խոսակցություններ էին տարածվում, թե Արմեն Մուրադյանը բարձրաստիճան հովանավորներ ունի իշխանության կազմում, նրա անունը նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի հետ էին կապում և այսպես շարունակ։ Բայց հենց իշխանությունը փոխվեց, Մուրադյանը, որպես դասական բիզնեսմեն, անմիջապես ռևերանս արեց դեպի նոր իշխանություն։ Դրա առհավատչյան է, օրինակ, 2018 թվականի իշխանափոխությունից անմիջապես հետո «Դոմուսի» մարքեթինգային թիմի մտածած «հեղափոխական» գովազդային արշավը՝ «Կիա, իրոք?!» գրությամբ, որով նրանք «Կիա» մակնիշի ավտոմեքենա էին խաղարկում իրենց հաճախորդների միջև։ Ակնհայտ է, չէ՞, որ սրանով Մուրադյանի ղեկավարած «Դոմուսը», ծաղրելով Սերժ Սարգսյանի հայտնի՝ «իյա, իրո՞ք» արտահայտությունը, հավատարմության հատուկ ժեստ է արել Նիկոլ Փաշինյանին։

Այսօր նա շատ լավ աշխատում է փաշինյանական ռեժիմի պայմաններում՝ «նվիրատվություններ» անելով Փաշինյանի ու իր տիկնոջ հիմնադրամներին։ Եւ միայն Մուրադյանը չէ, որ մասնակցում է իշխանական դրամահավաքներին և մուծվում, նրա կինը՝ Արմինե Սուվարյանը, այս տարվա ապրիլի 15-ին  մասնակցում էր Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հրավիրած գործարար կանանց ընթրիքին, որի մասնակցության արժեքը 1 մլն դրամ էր։ Հրապարակված տեսանյութի առաջին կադրերում երևում է մի կին, որը բարևում է Աննա Հակոբյանին և ասում․ «Ես Արմինեն եմ»։ Փաշինյանի կինն էլ արձագանքում է․ «Շատ ուրախ եմ, Արմինե ջան»։ Այ հենց այդ Արմինեն «Դոմուսի» հիմնադիր Արմեն Մուրադյանի կինն է: 

Անկախ ամեն ինչից, իհարկե, երեկ տեղի ունեցած հրդեհը ցավալի իրողություն է, քանզի տնտեսվարողը մեծ նյութական վնաս է կրել, ինչը շատ վատ է, և չի կարելի որևէ կերպ չարախնդալ այդ հանգամանքից՝ անկախ նրանից, թե ով է սեփականատերը և ում հետ ինչ հարաբերություններ ունի։ Միակ մխիթարող հանգամանքն այն է, որ որևէ մարդ, բարեբախտաբար, այդ հրդեհից չի տուժել։

MediaHub-ը փորձեց կապ հաստատել նաև Արմեն Մուրադյանի հետ՝ լսելու նրան, թե ի՞նչ կարող է ասել երեկվա հրդեհի, դրա պատճառների, ինչպես նաև իշխանությունների հետ հարաբերությունների, տեսչականի ստուգումների և մնացածի մասին։ Պարոն Մուրադյանը, սակայն, բավականին կոշտ արձագանքեց մեր զանգին՝ նշելով, թե իրենց տարածած մամուլի հաղորդագրության մեջ ամեն ինչ նշված է, նոր բան չի կարող ավելացնել։

Իսկ հնարավո՞ր է՝ հակահրդեհային համակարգը նորմալ չի աշխատել։ «Ամեն ինչ նորմալ է աշխատել, կխնդրեմ՝ էլ չզանգեք ինձ, ես ժամանակ չունեմ հիմա ձեր հարցերին պատասխանեմ, մամլո հաղորդագրության մեջ ամեն ինչ նշված է»,- ասաց Մուրադյանն ու անջատեց հեռախոսը։

Վահե Մակարյան