Ներանձնային խնդիրները հասցվում են պետական մակարդակի․ ի՞նչ վիճակ է շրջափակված Արցախում

63 օր է՝ Արցախը շրջափակված է, իսկ որևէ գործուն քայլ՝ հայկական երկրորդ պետության «կյանքի ճանապարհը» բացելու համար, չկա. թերևս ընդդիմությունն այդպես է կարծում։
Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը MediaHub.am-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին համախմբում է պետք, որը չկա․ անձնային շահերն ու աթոռը պահելու մղումներն ավելի շատ են։
«Այդ ներանձնային խնդիրները չպետք է հասցնեն պետական մակարդակի, իսկ այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես են պառակտումներ լինում։ Կան ներքին անհամաձայնություններ, դա մենք գիտենք։ Եվ մեկ անգամ չէ, որ մենք կոչ ենք արել մեկ գաղափարի շուրջ համախմբվել՝ հումանիտար աղետի հաղթահարում։ Իսկ այսօր, ցավոք, տեսնում ենք, որ այդ ուղղությամբ շատ թույլ են աշխատանքները»,- նկատեց Գալստյանը։
Դիտարկմանը, որ վերջին շաբաթներին Արցախից պաշտոնական հաղորդագրություններ գրեթե չկային, միայն Օպերատիվ շտաբի ներկայացրած տվյալներն էին հրապարակվում, իսկ վերջին օրերին Արայիկ Հարությունյանը կրկին ակտիվացել է, Դավիթ Գալստյանն արձագանքեց՝ աթոռը պահելու համար քայլեր է անում Հարությունյանը։
«Նախօրեին ուժայինների հետ հանդիպմանը Հարությունյանը խորհրդակցություն անցկացրեց ու հանրությանը կերակրեց, թե փորձում են արդարացի լուծումներ տալ ստեղծված վիճակում։ Փոխհատուցումների համար էլ հանձնարարականներ տվեց, թե պետք է հստակ քայլեր ձեռնարկվեն, չարաշահումներ կան։ Ու դա այն դեպքում, երբ մենք երկու տարի ԱԺ ամբիոնից բարձրաձայնում էինք, որ ստեղծված իրավիճակում շարունակվում են ֆինանսական խարդախությունները, իսկ իրենք հերքում էին, թե նման բան չկա»,- նշեց Գալստյանը։
Ըստ նրա՝ Արայիկ Հարությունյանը գրոհում է, քանի որ լավագույն պաշտպանությունը հարձակումն է։
«Ամիսներ առաջ քննիչ հանձնաժողով էինք ուզում ստեղծել, որ հիմնադրամների գումարների բաշխման տրամաբանությունը հասկանանք, իրենք մերժեցին, իսկ հիմա ինքն է խոսում չարաշահումներից»,- նշեց պատգամավորը։
Նրա դիտարկմամբ՝ հիմա Հարությունյանը քայլեր է անում, որ երևա, թե աշխատում է։ Դրա մյուս ապացույցն էլ միջազգային հանրությանն ուղղված վերջին կոչն է։
«Արայիկ Հարությունյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին է դիմում, իսկ ՀՀ իշխանությունների դեպքում համեստորեն լռում է։ Դա էլ է ապացուցում, որ նա Փաշինյանի պահանջն է կատարում, քանի որ նույն ՀՀ իշխանությունները ևս կաշկանդված չեն միջազգային հանրությանը դիմելու հարցում, բայց կաշկանդված են օր առաջ այս իրավիճակը հանգուցալուծելուն ուղղված քայլեր անելու հարցում»,- կարծիք հայտնեց Դավիթ Գալստյանը։
Ըստ մեր զրուցակցի՝ հենց դա է պատճառը, որ ՀՀ իշխանություններին ուղղված որևէ պահանջ չկա, թեև Արցախի անվտանգության երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է։
«Իհարկե, մենք սպասելիքներ ունենք միջազգային հանրությունից, բայց ավելի մեծ ակնկալիքներ ունենք ՀՀ իշխանությունից։ Իսկ Արցախի՝ օրվա իշխանության ղեկին նստած անձն այդ առումով ոչինչ չի անում, միայն բավարարվում է ստացած ֆինանսական աջակցությամբ»,- ամփոփեց խոսքը պատգամավոր Դավիթ Գալստյանը։
Նարե Գնունի