Հրաժեշտ «внесезонка» անվադողերին.  երբվանի՞ց և ի՞նչ է ենթադրում նոր օրենքը

Հրաժեշտ «внесезонка» անվադողերին.  երբվանի՞ց և ի՞նչ է ենթադրում նոր օրենքը

MediaHub-ն առաջիններից էր գրել, որ վարորդները պետք է պատրաստվեն ձմեռային անվադողեր գնելու, քանի որ նոր օրենք է մշակվել, որը առաջիկա օրերին վերջապես կմտնի ուժի մեջ։

Եվ ահա՝ կառավարության երեկվա նիստի ժամանակ Փաշինյանը հայտարարեց՝ Հայաստանում արգելել ձմռանը ոչ ձմեռային անվադողերով երթևեկությունը։ 

Անբարեխիղճ վարորդների համար այս տհաճ փոփոխությունը կյանքի կկոչվի դեկտեմբերի 10-ից. նրանք, ովքեր ձմռանը չէին փոխում անվադողերը և սիրում էին վտանգել թե՛ իրենց, թե՛ այլ քաղաքացիների կյանքը, պարտադրված կլինեն այս ծախսը ևս նախատեսել:

Նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը ներառյալ վարորդները թեթև մարդատար ավտոմոբիլներով իրավունք կունենան երթևեկել միայն ձմեռային անվադողերի առկայության դեպքում:

Կառավարության նիստի ժամանակ հարց բարձրացվեց՝ իսկ համասեզոնային (внесезонка) անվադողերը և՞ս պետք է փոխել ձմեռային անվադողերով։ Սակայն երեկ կայացած նիստից այս հարցի պատասխանը մութ մնաց:

MediaHub-ը կապ հաստատեց ՏԿԵ նախարարության հետ, որտեղից պարզեցինք, որ համասեզոնային անվադողերը ևս պետք է փոխվեն ձմեռային անվադողերով։

«Պետք է փոխվեն, ձմեռային անվադողերը սահմանված կարգով ունեն առանձին մակնշում»,– նշեցին նախարարությունից։

Կառավարության նիստի ժամանակ Փաշինյանն ասաց հետևյալը․ «Հանրապետությունում կան վարորդներ, ովքեր նաև ձմռանն ավտոմեքենաները վարում են ամառային անիվներով: Մենք վարորդների համար որոշակի լրացուցիչ ծախս ենք նախատեսում, բայց սա այն որոշումներից է, որ պետք է կայացնենք։ Չպետք է թույլ տանք, որ մեր քաղաքացիները հայտնվեն վթարային վիճակում, կյանքի և մահվան վիճակում, որից հետո մենք այդ որոշումները կկայացնենք՝ վիճակագրությունը հետադարձ ուսումնասիրելով»։

Նշենք, որ ըստ նոր փոփոխությունների՝ ձմեռային անվադողերն էլ պիտի մաշված չլինեն, ունենան 4մմ-ից ավելի բարձրություն, պահանջը չկատարելու դեպքում տուգանքը կկազմի 5000 դրամ, իսկ եթե այդ պատճառով մեքենան հայտնվել է ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ, ապա տուգանքը կկազմի 20 000 դրամ։

Մարիաննա Արամյան