Խոշոր ավտովթար․ վիրավորներ կան

Այսօր՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 41 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Վեդիի կամրջի հարևանությամբ բախվել են Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Արտակ Թ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և 63-ամյա Մելքում Ս․-ի վարած «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մեկը՝ «Վեդի» բժշկական կենտրոն, մյուսը՝ «Արարատ» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և իրենց ավտոմեքենաներով տեղափոխել հիվանդանոցներ։
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը։