Տեսակետ եմ հայտնել, ի՞նչ կապ ունի՝ որտեղ. Թևանյանը՝ աղմկահարույց հաղորդման մասին

Տեսակետ եմ հայտնել, ի՞նչ կապ ունի՝ որտեղ. Թևանյանը՝ աղմկահարույց հաղորդման մասին

Ռուսական «Առաջին ալիքը» Նիկոլ Փաշինյանի մասին հաղորդում էր պատրաստել, որտեղ քաղաքագետներն ու այլ փորձագետներ քննադատում էին, ծաղրում, մեղադրում Փաշինյանին։

Հաղորդման  հյուրերից էր նաև ԱԺ նախկին պատգամավոր, «Մայր Հայաստան» դաշինքի Երևանի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը, որը ևս հանդես եկավ Նիկոլ Փաշինյանի՝ իր երկրի փաստացի ղեկավարի հասցեին քննադատությամբ: 

MediaHub-ը զրուցեց Անդրանիկ Թևանյանի հետ.

-Պարոն Թեւանյան, նորմա՞լ եք համարում այլ երկրում մասնակցել Ձեր երկրի ղեկավարին ծաղրող, քննադատող, դատապարտող հաղորդմանը։ Դուք էլ սիրով միանում եք այդ մեղադրանքներին ու քննադատությանը։ Ի վերջո, Դուք ՀՀ-ում եք ընդդիմադիր, ի՞նչ է փոխվում ՌԴ-ում Փաշինյանին ցածրացնելուց։ 
-Նորմալ եմ գնահատում հարցազրույցը, տեսակետներ եմ հայտնել, համացանցի դարում ի՞նչ կապ ունի, որտեղ ես հայտնում քո տեսակետը։

-Փաստացի, Փաշինյանի հասցեին մեղադրանքներ հնչեցրիք, մտավախություն չունե՞ք, որ սա Ձեր դեմ ինչ-որ գործընթաց սկսելու հիմք կհանդիսանա։ 
- Այս իշխանության վարած քաղաքականության վերաբերյալ իմ տեսակետները նոր չեն, վաղուց են հայտնի, նորություն չկա այս մասով։

-Հարցս նորից հնչեցնեմ, քանի որ պատասխանը ոչինչ չփոխեց. Դուք ՀՀ-ում եք ընդդիմություն, թե ՌԴ-ում ինչ կարծիք կձեւավորվի Փաշինյանի մասին, դժվար Հայաստանի քաղաքական դաշտում բան փոխի։ Չե՞ք կարծում, որ ընդամենը գործիք դարձաք, որ ռուսական Առաջին ալիքով հակահայկական հայտարարություններ հնչեն հայի շուրթերից։
 -Ձեր հարցադրումը կոռեկտ չէ, դրա համար պատասխանը կմնա այն, ինչ կմնա։ Դուք քննիչ չեք, որ ինձ հարցաքննեք, շատ ներողություն։ Ես արդեն ասացի՝ իմ վերաբերմունքը գործող իշխանությունների մասին հայտնի է, և համացանցի դարաշրջանում կապ չունի, թե դու էդ տեսակետները որտեղ ես հնչեցնում։ 

- Իշխանության դեմ պայքարը, մեղմ ասած, ձախողել եք, փրկությունը Ռուսաստանո՞ւմ էր։
-Դատարկ մեղադրանքներ եք ներկայացնում՝ քանի անգամ եք պայքարել․ մենք հետևողական պայքարում ենք, հիմա էլ ենք պայքարելու։ Իմ պայքարը Հայաստանում է, բնականաբար, Հայաստանի իշխանությունը պետք է Հայաստանի քաղաքացիները փոխեն, այստեղ երկրորդ կարծիք չկա։ Իսկ ինչ վերաբերում է հարցազրույց տալուն, ապա ես ցանկացած հարթակում կարող եմ հարցազրույց տալ, եթե այն նպատակահարմար գտնեմ։

Լիաննա Թորոսյան