Փաշինյանը չգիտեր, Սանոսյա՞նն էլ չգիտեր

Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, որ բեռնատարների տակ ձմեռային անվադող չեն գցում, դրանք համասեզոնային անվադողերով են երթևեկում, դրա համար էլ ձմռանը՝ ձյան ու մերկասառույցի պայմաններում, ֆուռերը տեղաշարժման լուրջ խնդիրներ են ունենում։ Բայց ամենավատը այն է, որ այդ տարրական բանը անգամ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը չգիտեր, որն ի պաշտոնե պարտավոր էր իմանալ։ Դրա համար էլ այսօր լուրջ դեմքով կառավարության նիստին նստած՝ Նիկոլ Փաշինյանին համոզում էր, թե բեռնատարներն ու կցորդիչները հաճախ ձմեռային անվադողերով չեն լինում, դրա համար էլ խնդիրներ են առաջացնում ձմռանը՝ փակելով ճանապարհը։
«Մենք հետևյալ խնդրին էլ ենք բախվում, որ բեռնատարների այդ կցորդիչի անվադողերը ձմեռային չեն լինում, և հաճախ բեռնատարը դառնում է պատճառ՝ ճանապարհը փակում է, որը ընդհանուր և՛ երթևեկության, և՛ սպասարկող ընկերության համար է դառնում խնդիր, որ մոտենան սպասարկեն ճանապարհը, և վերջին օրերին այդպիսի բազմաթիվ դեպքեր ունենք»,-հպարտորեն հայտարարեց Սանոսյանը։
Այդտեղ Նիկոլ Փաշինյանը, իր բնավորության համաձայն, որոշեց փուռը տալ ֆուռի վարորդներին՝ «ոչ ձմեռային անվադողերով երթևեկելու» համար։
«Մի րոպե, կներեք, ոչ ձմեռային անվադողերով երթևեկելը վարչական պատասխանատվություն չի՞ սահմանում։ Եթե խոսքը բեռնատարի մասին ա, ուրեմն ես կարծում եմ, որ եթե իրավաբանական անձի ա պատկանում, ուրեմն պետք ա սահմանել վարչական պատասխանատվություն ոչ միայն վարորդի համար, այլև իրավաբանական անձի համար։ վարորդը պարզ ա, բայց, ենթադրենք, բեռնատարը ընկերության ա պատկանում, և կցորդիչի անիվները ձմեռային չեն՝ վարորդին նստացրել են, ասել են՝ քշի։ Հիմա մենք գնում ենք, կանգնացնում ենք, մի հատ էլ․․․ ինչի՞ ընկերությունը դրա համար պատապսանատվություն չի կրում»,-ասաց Փաշինյանը։
Գնել Սանոսյանն էլ, փոխանակ ուղղի «մեծարգո վարչապետին» անտեղյակության հետևանքով սխալ բաներ հայտարարելու համար, մի բան էլ ավելի է խորացնում այս կեղծ թեման․ «Հիմա մենք նոր փոփոխություններ ենք նախաձեռնել, շրջանառում ենք, առաջիկայում, կարծում եմ, կընդունենք, որով նաև տուգանքների չափը կփոխենք, եթե ձմռանը հայտնաբերվեն ոչ ձմեռային անվադողերով երթևեկող մեքենաներ, որպեսզի ավելի խստացնենք և կարողանանք չթողնել, որպեսզի այդպիսի մասնակիցներ լինեն երթևեկության մեջ»։
Ու այս ամենը քննարկում են լուրջ դեմքով՝ մարդկանց մոլորության մեջ գցելով, դեռ մի բան էլ որոշում են խստացնել կանոնակարգումները, որ հանկարծ որևէ մեկը ոչ ձմեռային անվադողերով չերթևեկի։ Ու տարրական գիտելիքից բացի տարրական ֆայմ էլ չունեն, որով կարող էին գլխի ընկնել, որ եթե ձմեռային անվադողեր արտադրվեին ու նախատեսվեին բեռնատարների համար, ապա վարորդներն էլ այդ բեռնափոխադրող ընկերություններն էլ իրենց ապահովության համար վստահաբար ձեռք կբերեին ու այդ անվադողերով կերթևեկեին։ Ու եթե մեկ-երկուս կարող են ձմռան ամիսներին անպատասխանատու վարքագիծ դրսևորել, ապա հնարավոր չէ, որ բոլորը այդպես վարվեն։ Դա նշանակում է, որ այդ մեքենաները ձմեռային անվադողերով չեն երթևեկում, որովհետև այդ ծանրության տակ ձմեռային անվադողերը չեն դիմանում՝ պայթում են։ Այլ պատճառներ ևս կան դրա համար։ Ու այս ամենը կառավարության «փայլուն ուղեղները» չգիտեն՝ սկսած Գնել Սանոսյանից։
Համոզվելու համար մեր պնդումների մեջ, մենք լրացուցիչ ճշտեցինք այս հանգամանքը ինչպես բեռնափոխադրող ընկերությունների ղեկավարներից, այնպես էլ հենց բեռնատարի վարորդներից։ Բոլորն էլ միաբերան հաստատեցին, որ ձմեռային անվադողեր չեն գցում բեռնատարների տակ։ Դրա համար էլ ձմռան ամիսներին անվաշղթաներ են ավելացնում անվադողերին։ Ու սա միայն բեռնատարներին չի վերաբերում։ Ավտոբուսների պարագայում ևս նույնն է՝ ձմեռային անվադողեր ավտոբուսների տակ չեն գցում։
Սա էլ մեզ հետ զրույցում հաստատեց «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը․ «Բոլոր ավտոբուսների տակ, մեր լեզվով ասած, «վսեսեզոննի պակրիշկեք» են գցում՝ բոլոր եղանակներին համապատասխան։ M+S-ը, որի վրա ձյան փաթիլ է նկարած, դրանք «վսեսեզոնկա» անվադողեր են, էդպես, որ ասեմ՝ հատուկ ձմեռային, կոպիտ պրատեկտորներով անվադողեր են՝ ոչ»։
Ու այս պարզ բանը կառավարությունում չգիտեին, բայց պատրաստ են ոստիկաններին ուղարկել, որ բեռնատարների վարորդներին համատարած տուգանեն մի բանի համար, որի իրավունքը չունեն։
Վահե Մակարյան