Թող Լյուդվիգ Գյուլնազարյանն ինքը իրեն ներկայացնի, հասարակությունն էլ վերլուծի. Վոլոդյա Գրիգորյան

Փարաքարում մարտի 30-ին թեժ ընտրություններ են սպասվում։ Իշխանություններն ամեն ինչ անելու են, որ այստեղ իշխանությունը պահեն, հատկապես՝ Մերձավանի հայտնի ողբերգական դեպքերից հետո։
ՔՊ-ի դեմ այս համայնքում պայքարելու է Փարաքարի նախկին համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանը, որը հանդես է գալու «Միասնություն» դաշինքով, որի մեջ «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցությունն են մտնում։ Չի բացառվում՝ ընտրություններից առաջ ճնշումներ սկսվեն Վոլոդյա Գրիգորյանի ու նրա մերձավորների նկատմամբ, հատկապես, որ Մերձավանի կրակոցների գործով արդեն կալանավորված է նրա եղբայրը։
Վոլոդյա Գրիգորյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ չի կարծում, թե իշխանությունները ճնշումներ կսկսեն իր դեմ, իսկ ինչ վերաբերում է նրան՝ ՔՊ-ին կհաջողվի՞ վերցնել իշխանությունը համայնքում, ապա դա կերևա ամսի 30-ին՝ փարաքարցիների տված քվեով։ Բայց եթե ճնշումներ լինեն, ըստ Գրիգորյանի, ինքը պատրաստ է պայքարել դրանց դեմ ու գնալ մինչև վերջ։
-Ձեզ կապում են նախկինների հետ, ասում են՝ Դուք կրիմինալ եք, Մերձավանի կրակոցներն են ձեր հարազատներին վերագրում, Ձեր եղբորն են ձերբակալել։
-Դե, հա, ձերբակալություններ կան, ու դա լրիվ անհիմն, շինծու բաներ են։
-Այսինքն՝ Ձեր եղբայրն ու մյուսները որևէ կապ չե՞ն ունեցել այդ միջադեպի ու կրակոցների հետ։
-Կրակոցների հետ ոչ ոք ոչ մի կապ չի ունեցել։
-Ստացվում է՝ սարքե՞լ են Ձեր հարազատների գլխին, ասում են՝ Ձեր եղբայրն է այնտեղ եղել։
-Եղբայրս էդտեղ չի եղել ընդհանրապես, բայց ստացվել է այնպես, որ նրան տարել են ձերբակալության։
-Իսկ ի՞նչ մթնոլորտ է հիմա Փարաքարում, օրերս Նիկոլ Փաշինյանն էր այցելել Փարաքար, ասացին՝ ինչ-որ համերգ էին կազմակերպել, որ Փաշինյանի այցի համար «մասովկա» ապահովեին։ Ինչպե՞ս են դիմավորել նրան, տեղյա՞կ եք։
-Ես տեղյակ չեմ՝ ոնց են դիմավորել, չեմ հետևել։ Ինչ վերաբերում է ժողովրդի տրամադրվածությանը, ապա ժողովուրդը շատ լավ տրամադրված է, արդար ընտրության կողմնակից են բոլորը։
-Իսկ արդար ընտրությունների պարագայում Դուք կհաղթե՞ք։
-Այո։
-Ինչի՞ հիման վրա եք այդպես կարծում։
-Ժողովրդի հետ շփումներից ես եկել եմ էդ եզրահանգման։
-ՔՊ-ական համայնքապետ ու ՔՊ-ի թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանն էլ օրերս հարցազրույց տվեց՝ դժգոհելով, թե իրեն թիրախավորում են, կապում են կրիմինալի հետ։ Դուք ի՞նչ կասեք նրա մասին, նա կապ ունի՞ կրիմինալի հետ։
- Լյուդվիգ Գյուլնազարյանի մասին թող Լյուդվիգ Գյուլնազարյանն ինքն իրեն ներկայացնի, հասարակությունն էլ դրա վերլուծությունն անի։
-Հնարավոր համարո՞ւմ եք, որ ընտրություններից առաջ իշխանությունները ձեր գլխին որևէ գործ կսարքեն, կկալանավորեն, որ ճնշեն, ու պատրա՞ստ եք այդպիսի սցենարի։
-Չեմ կարծում, որ նման բան կլինի, էստեղ ժողովրդի քվեի խնդիրն է, չեմ կարծում, որ պետք է հասցնենք էդ աստիճանի, իսկ եթե լինի այդպես, որտեղ էլ լինենք՝ մեր առաջադրումը լինելու է։
-Ձեր կարծիքով՝ փարաքարցիները Ձեր կողքի՞ն են։
-Այո՛։
Վահե Մակարյան