Ո՞ր մարզերի բնակիչները ևս կզրկվեն եկամտահարկի վերադարձից  

Ո՞ր մարզերի բնակիչները ևս կզրկվեն եկամտահարկի վերադարձից  

Կառավարությունն առաջարկում է ըստ մարզերի եւ ըստ տարիների աստիճանաբար կրճատել հիպոտեկային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակը:

ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներով սահմանվում է, որ 2027 թվականի հունվարի 1-ից հետո հիպոտեկային վարկերի մասով եկամտային հարկը չի վերադարձվի, եթե գույքը գտնվում է Երեւան քաղաքին հարակից` Արագածոտնի, Արարատի, Արմավիրի եւ Կոտայքի մարզերում, իսկ 2029 թվականի հունվարի 1-ից հետո` եթե գույքը գտնվում է այլ մարզերում: Սահմանափակումները չեն կիրառվի Կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում գտնվող կամ կառուցվող անշարժ գույքի համար:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն այսօր ԱԺ գլխադասային հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց, որ  վերջին փոփոխությունն էլ վերաբերում է վերադարձվող եկամտային հարկի եռամսյակային առավելագույն սահմանաչափին, որը գործող օրենսդրությամբ սահմանված է մինչեւ 1,5 մլն դրամի չափով: Նախագծով նախատեսվում է այն նվազեցնել` սահմանելով, որ վարկառուին եւ համավարկառուներին վերադարձման ենթակա եկամտային հարկի ընդհանուր գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազար դրամը:
Նրա խոսքով՝ առաջարկվող փոփոխությունները հետադարձ ուժ չեն ունենալու: «Բոլոր այն քաղաքացիները, որոնք շահառու կամ մասնակից են դարձել այս համակարգին այդ պահին գործող կանոններով, կշարունակեն շահառու մնալ նույն պայմաններով մինչեւ հիպոտեկային վարկի գործողության ավարտը»,- մանրամասնել է Արման Պողոսյանը:

Փոխնախարարը հիշեցրել է, որ Երեւան քաղաքում 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացվող վարկերի մասով այլեւս հիպոտեկային վարկերի սպասարկման տոկոսների վերադարձ չի կատարվի: Նշված ժամանակային սահմանափակումը չի կիրառվի միայն մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը շինարարության թույլտվություն ստացած բազմաբնակարան բնակելի շենքից բնակարան գնելու գործարքների համար:

Ըստ Արման Պողոսյանի` նախագծի ընդունման նպատակն է խթանել մարզերում քաղաքաշինական եւ տնտեսական ակտիվությունը, զսպել հիպոտեկային վարկերի սպասարկման գծով վերադարձվող եկամտային հարկի գումարների աճը:

Նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 10-ի նիստում, ստացել դրական եզրակացություն: