Վահան Քերոբյանն ընդունեց՝ հայաստանյան կաթնամթերքի արտադրության մեջ իրանական հումք է օգտագործվում

Մեր ունեցած տեղեկություններով՝ միայն Արարատի մարզում է ոռոգում տեղի ունեցել, իսկ մնացած ֆերմերներին պիտի խնդրեմ, որ անպայման ծխածածկույթ օգտագործեն՝ այգիները ցրտահարությունից պաշտպանելու համար։ Այդ մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նրա խոսքով՝ Կառավարությունը հորդորում է գրագետ վարել իրենց տնտեսությունները, իսկ ֆերմերային տնտեսությունները ևս բիզնես են, և ունեն ռիսկեր։

«Եթե ֆերմերները որոշում են, որ այդ ռիսկի հետ պիտի առնչվեն՝ առանց ապահովագրման, ապա պիտի ծխածածկույթով պաշտպանեն իրենց այգիները։ Բոլորին հորդորում եմ օգտվել ապահովագրությունից, որպեսզի ռիսկերը նվազեցվեն»,- նշեց Քերոբյանը։

Անդրադառնալով ՌԴ-ի երեկվա հայտարարությանը՝ կապված հայկական կաթնամթերիքի ներմուծման հնարավոր արգելքի հետ, Վահան Քերոբյանը նկատեց, որ սանկցիաներ դեռևս չեն կիրառվել, իրենք կապի մեջ են ռուս գործընկերների հետ, հաջորդ շաբաթ էլ հանդիպելու են։

«Կարծում եմ՝ այդտեղ քաղաքական որևէ ենթատեքստ չկա, բարձր չափանիշներ են ուզում»,- նշեց Քերոբյանը։

Դիտարկմանը, որ Հռոմի ստատուտի մասով ՍԴ-ի կողմից կայացված որոշումից հետո եղավ այս հայտարարությունը, նախարարն արձագանքեց՝ դրա վերաբերյալ որևէ բան չի կարող ասել։

«Ես չէի կապի»,- ասաց նա։

Այնուամենայնիվ, Վահան Քերոբյանն ընդունեց՝ հայաստանյան կաթնամթերքի արտադրության մեջ իրանական հումք օգտագործվում է։

«Երբեմն արտոնություններ ենք տալիս ընկերություններին՝ իրանական կաթնային սերուցք ներմուծելու համար։ Մենք պետք է գործընկերների հետ քննարկենք այդ ամենը։ Աշխատանքային մակարդակում լուծումներ կգտնենք»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։