Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ, ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. Մամուլը՝ սուրճով

Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ, ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Ազգային անվտանգության ծառայությունում քննարկումներ են սկսվել կառույցի հնարավոր լուծարման մասին։ Մեր աղբյուրները հայտնում են, որ, ըստ խոսակցությունների, ԱԱԾ-ից հրաժարվելու պահանջը ներկայացվել է Արեւմուտքի կողմից՝ հիմնավորմամբ, որ Հայաստանի անվտանգության մարմինը ռուսականի ուղղակի ազդեցության ներքո է, Հայաստանի ԱԱԾ աշխատակիցները կրթություն են ստանում Ռուսաստանում, մասնավորապես՝ ФСБ-ի ակադեմիայում, ուստի հետագայում էլ պահպանում են անձնական կապերը, աշխարհայացքը, մտածողությունը, որը տիպիկ ռուսական է, հետեւաբար՝ Հայաստանում տեղի ունեցող ցանկացած շարժի մասին ՌԴ-ում առաջինն են իմանում։

Անգամ ԱԱԾ-ի գործառույթների մասով են արեւմտյան պատվիրատուները դերաբաշխում կատարել՝ սահմանադրական կարգի պահպանման գործառույթը կվերապահվի ՆԳՆ-ին, իսկ հակահետախուզությունը եւ ահաբեկչության դեմ պայքարի գործառույթները՝ արտաքին հետախուզության նորաստեղծ, բայց դեռեւս ուրվական կառույցին։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Այսօրվանից ԱԺ քառօրյա նիստերը մեկօրյա ընդմիջումից հետո կշարունակվեն:

Սպասվում է, որ ԱԺ այս քառօրյա նիստերը «երկարուձիգ» են լինելու, քանի որ պետք է նիստերին քննարկվեն ՄԻՊ-ի, Դատախազության եւ ԿԸՀ-ի զեկույցները, ինչպես նաեւ ՀՌՀ զեկույցը, որը երեքշաբթի օրը կիսատ էր մնացել:

ՄԻ պաշտպան Անահիտ Մանասյանը, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը եւ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն անձամբ կգնան ԱԺ՝ զեկույցները ներկայացնելու:

Այս քառօրյա նիստերի օրակարգում է նաեւ ՍԴ դատավորի ընտրության հարցը: Դատավորի միակ թեկնածուն հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն է՝ Դավիթ Խաչատուրյանը:

Այսինքն՝ կարող ենք ենթադրել, որ այս շաբաթ խորհրդարանականները չեն հասցնի սպառել օրակարգը, եւ, հնարավոր է, ԱԺ նիստերը մյուս շաբաթ նույնպես շարունակվեն»:

Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նրանք, ովքեր ասում են, թե Հայաստանը կրոնապետություն չէ, որ սրբազանը դառնա պետության ղեկավար, թերեւս չգիտեն, որ Բագրատ սրբազանը, ըստ գործող Սահմանադրության, չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին, քանի որ երկքաղաքացի է` Հայաստանի եւ Կանադայի քաղաքացիություն ունի:

Կանադայի քաղաքացիություն ստացել է Հայ առաքելական եկեղեցու Կանադայի թեմը ղեկավարելու շրջանում: 2003 թ. մայիսին կանադահայոց թեմի 20-րդ պատգամավորական ժողովը նրան ընտրել է Կանադայի հայոց թեմի առաջնորդ, եւ մոտ 10 տարի ղեկավարել է թեմը: Հայաստան վերադարձել է 2013-ին։

Ի դեպ, նրա` երկրորդ ժամկետում ընտրվելու ժամանակ կեղծիքներ են գործի դրվել, քանի որ նա կանադահայոց շրջանում մեծ հեղինակություն է վայելել՝ սասանելով տեղի հայկական կուսակցությունների դիրքերը (ըստ որոշ հրապարակումների` ռամկավարների)։ Իսկ ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրվելու համար պարտադիր պահանջ է, որ վերջին 4 տարում անձը պետք է միայն ՀՀ քաղաքացի լինի։ Սա նշանակում է, որ չնայած շարժումը գեներացնողն ու առաջնորդողը սրբազանն է, բայց նա կարող է միայն ժամանակավոր լիդեր լինել` անցումային այս բարդ փուլում:

Երբ գա պաշտոն զբաղեցնելու պահը, նա մի կողմ է քաշվելու եւ ուրիշին է զիջելու բնական կարգով ժողովրդի կողմից իրեն տրված «իշխանությունը»: Իսկ իշխանություն ձեւավորելու գործն արդեն պետք է ստանձնեն քաղաքական կուսակցությունները` օրենքով սահմանված կարգով եւ ընտրություններին ստացած քվեների միջոցով: