Եկեղեցին պասիվ չէ, համախմբվել է պետք․ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան

Եկեղեցին պասիվ չէ, համախմբվել է պետք․ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան

Ներքաղաքական խորացող ճգնաժամի պայմաններում հայ եկեղեցու շուրջ համախմբման գաղափարն ավելի ու ավելի է խորանում քաղաքական դիսկուրսում։ Ասվածը հատկապես ավելի շոշափելի դարձավ, երբ ՀՀ նախկին երեք նախագահները հանդիպեցին կաթողիկոսին։

Շատերը սպասում էին, որ այդ հանդիպումն իր հստակ պտուղն է ունենալու, և որոշակիորեն պարզ է դառնալու, թե լուծման ինչ այլընտրանքային՝ այս իշխանության առաջարկածից տարբերվող մեխանիզմ է առաջ քաշվելու։ Թեև վերջնարդյունքի մասին տեղեկություն ստացանք միայն օդում կախված լուրերի կամ աղբյուրներից ստացված կցկտուր տեղեկատվության շրջանակում։

Ի վերջո, ի՞նչ կարող է անել Հայ առաքելական եկեղեցին՝ երկիրն այս վիճակից հանելու համար, ո՞րն է լուծման տարբերակը, արդյո՞ք եկեղեցին չպետք է այժմ ստանձնի մեզ առաջնորդողի դերը․ հարցերի շուրջ Mediahub.am-ը կարճ զրույց ունեցավ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ։

Վերջինս, նախ, նկատեց, որ համապարփակ տեղեկություն ստանալու համար ավելի լավ է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ կապվել, քանի որ ինքը չի տիրապետում անհրաժեշտ տեղեկատվությանը։
«Բայց մի բան կարող եմ հստակ ասել՝ եկեղեցին պասիվ չէ»,- նշեց նա։

Հարցին՝ այսինքն պետք է ենթադրել, որ նախագահների և կաթողիկոսի հանդիպումն արդյունք կտա՞, Կճոյանը պատասխանեց՝ չգիտի, փակ հանդիպման մանրամասներին չի տիրապետում։ Այնուամենայնիվ, Նավասարդ արքեպիսկոպոսը վստահ է, որ այժմ ամեն մարդ պետք է իր գործն անի, իսկ եկեղեցին իր գործը բարեխղճորեն կատարում է։

«Սա համազգային հարց է, որի մեջ բոլոր սեկտորները մտնում են։ Հայրենիքի հարց է»,- նկատեց սրբազանը։
Դիտարկմանը, որ պատմությունը ցույց է տալիս՝ եկեղեցին է միշտ ծայրահեղ վիճակներում հանրությանը համախմբելու առաքելությունը ստանձնել, հիմա էլ նույնը չպե՞տք է անի, Նավասարդ Կճոյանը չարձագանքեց, պարզապես նշեց՝ ժողովի է գնում։

 Նարե Գնունի