Ըստ մեղադրանքի՝ կաշառք ստացած ջեռուցման համակարգը Փիլոյանի որդու բնակարանում է

Ըստ մեղադրանքի՝ կաշառք ստացած ջեռուցման համակարգը Փիլոյանի որդու բնակարանում է

«Հրապարակ» թերթը գրում է․

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, մերժել է ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի կալանավորման դեմ պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Փիլոյանի պաշտպան Տիգրան Սարգսյանը։ Նա նշեց, որ բողոքը մերժելու համար դատարանը որպես հիմք է ներկայացրել այն հիմնավորումը, թե Փիլոյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը։ Փաստաբանը վերաքննիչի որոշումը շատ բացասական է գնահատում եւ նշում է, որ, ամենայն հավանականությամբ, որոշումը վճռաբեկ դատարան չեն բողոքարկի՝ անիմաստ է։ Գործով նախաքննությունը շարունակվում է, եւ, ըստ փաստաբանի, Փիլոյանի մասնակցությամբ քննչական եւ դատավարական գործողություններ չեն կատարվում։

Նախկին նախարարը ցուցմունք տվել է եւ հայտարարել, որ մեղադրանքը չի ընդունում։ Իսկ թե ինչ է նշել ցուցմունքում, փաստաբանն այս պահին չի հայտնում։ Նշենք․ ըստ մեղադրանքի մի դրվագի՝ նախարարությունում աշխատանքի ընդունելու համար Փիլոյանը կաշառք է ստացել՝ տարբեր թանկարժեք իրերի, գումարի եւ անգամ ջեռուցման համակարգի տեսքով։ «Հրապարակ»-ին մանրամասներ են հայտնի դարձել այդ դրվագի վերաբերյալ, մասնավորապես, ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ նախարարն իր օգնական Հրաչյա Երեմյանի օժանդակությամբ ջեռուցման համակարգ է կաշառք ստացել, որը տեղադրվել է որդու բնակարանում։ Փիլոյանը հերքել է մեղադրանքը՝ նշելով, որ համակարգը գնել է սեփական միջոցներով, դրել ինչ-որ տնակում՝ մինչեւ որդու բնակարանը պատրաստ լինի, եւ նշել է, որ այդ ջեռուցման համակարգը որեւէ կապ չունի նախարարության հետ։

Հիշեցնենք․ ըստ նախնական մեղադրանքի՝ Փիլոյանի ղեկավարած նախարարությունում նաեւ մրցույթներից մեկի տեխնիկական բնութագիրն է այնպես կազմվել, որպեսզի միայն իրենց համար ցանկալի ընկերությունը հնարավորություն ունենա մասնակցել եւ հաղթել: Բազմադրվագ այս քրեական գործով ներգրավված են արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, նրա խորհրդականը, ինչպես նաեւ ԱԻ նախարարության 10-ից ավելի աշխատակիցներ, այդ թվում` տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ: Ըստ նախաքննական մարմնի՝ հանցավոր գործարքները կատարվել են Փիլոյանի խորհրդականի օգնությամբ, ում տանը գտել են հրազեն եւ ռազմամթերք: Քրեական գործով 9 անձ ունի մեղադրյալի կարգավիճակ, ավելի քան 10 անձ՝ կասկածյալի։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։ Հիշեցնենք, որ Անդրանիկ Փիլոյանը ՀՀ ազգային հերոս է, գեներալի կոչում ունի եւ արտակարգ իրավիճակների նախարար էր նշանակվել 2020-ի նոյեմբերից, երբ 2018-ից այս պաշտոնը զբաղեցնող Ֆելիքս Ցոլակյանը հրաժարական ներկայացրեց։ Պատերազմի ժամանակ Փիլոյանի հրամանատարության տակ գտնվող զորքերը մեծ թվով կորուստներ էին տվել եւ նահանջել հարավային հատվածներից՝ թշնամու տիրապետության տակ թողնելով նաեւ զենք, զինամթերք, զինտեխնիկա։ Սակայն, այնուամենայնիվ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրան ներկայացրեց Ազգային հերոսի կոչման, իսկ ավելի ուշ՝ նախարար նշանակեց: