Վրաստանում Հայաստանի դեսպանը պարա՞պ է մնացել, որ «թիթեռ է նկարում»

Ուշադրություն, կարդում ենք մի հատված Վրաստանում հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից․ «Օգոստոսի 1-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին և Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Նարինե Մաթոսյանին ընդունեց Վրաստանի Գուրիայի շրջանի Շեկվեթիլիի «Երաժիշտների զբոսայգու» ներկայացուցիչ Դավիդ Դվալին»։
Նախ Վրաստանում ՀՀ դեսպանությանը հուշենք, որ ոչ թե Բաթումում, այլ Բաթումիում։ Բայց դա՝ դեռ մի կողմ։
Պատկերացնո՞ւմ եք, որքան անելիք չունի Վրաստանում ՀՀ դեսպանը կամ որքան պարապ է մնացել նա, որ գնացել է հանդիպման Վրաստանի Գուրիայի շրջանի Շեկվեթիլիի «Երաժիշտների զբոսայգու» ներկայացուցիչ Դավիդ Դվալիւ հետ։ Տնօրեն էլ չէ, հասարակ ներկայացուցիչ։ Գոնե տնօրեն լիներ։
Լավ է չեն գրել, որ զբոսայգում ՀՀ մեծարգո դեսպանը նաև ատրակցիոն է նստել ու պաղպաղակ կերել։ Հայ-վրացական հարաբերություններում բազմաթիվ խնդիրներ ու կնճռոտ հարցեր կան, որոնք պետք է ՀՀ դեսպանի ամենօրյա ուշադրության կենտրոնում լինեն, և նրա գլխավոր առաքելությունը պետք է հենց դրանցով զբաղվելը լինի, ոչ թե ինչ֊որ գյուղերի այգիներում ինչ-որ հարյուրերորդական մի ներկայացուցչի հանդիպելը, նրա հետ նկարվելն ու այդ մասին լուրջ դեմքով հաղորդագրություն տարածելը։
Կարճ ասած՝ Վրաստանում մեր դեսպանը, դատելով այս հաղորդագրությունից, «թիթեռ նկարելով է» զբաղված։ Հետաքրքիր է՝ Հայաստանում Վրաստանի դեսպանն էլ իրեն թույլ կտա՞ մեր դեսպանի դեմքի լրջությամբ այցելել, ասենք, Երևանի «Հաղթանակ» զբոսայգի ու հանդիպել զբոսայգու մենեջերի հետ, հետո այդ մասին հաղորդագրություն տարածել՝ իբրև թե լուրջ գործով են զբաղվել։
Թե՞ Վրաստանի ԱԳՆ-ում, ի տարբերություն մեր ԱԳՆ-ի, իրենց դեսպանների առաքելությանն ավելի լուրջ են վերաբերվում, ուստի դժվար իրենք իրենց այդքան անլրջացնեն, որ հասցնեն զբոսայգու ներկայացուցչի հետ հանդիպման մակարդակի։
Վահե Մակարյան