Երկու սուրու անասուն է եղել, իրար ճանապարհ չեն տվել, հորեղբոր տղաներն են իրար հետ վիճել․ դանակահարված քաղաքացին իրեն լավ է զգում, քերծվածք էր, անցավ․ գյուղապետ

Երկու սուրու անասուն է եղել, իրար ճանապարհ չեն տվել, հորեղբոր տղաներն են իրար հետ վիճել․ դանակահարված քաղաքացին իրեն լավ է զգում, քերծվածք էր, անցավ․ գյուղապետ

Ռիա Թազա համայնքում արոտավայրի պատճառով դանակահարված քաղաքացին իրեն լավ է զգում, քերծվածք էր, անցավ։ Այս մասին այսօր MediaHub.am-ին հայտնեց Ռյա Թազայի վարչական ղեկավար Ռոստամ Բրոյանը։

Հիշեցնենք, որ երեկ ոստիկանությունը հայտնել էր, որ հունիսի 8-ին ժամը 16։25-ին ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ռյա Թազա գյուղում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել: Ոստիկանները պարզել են, որ վեճը առաջացել է Միրաք գյուղի վարչական տարածքում գտնվող արոտավայրի օգտագործման հարցից: Այդ ընթացքում մի խումբ անձինք փոխադարձ հարվածներ են հասցրել իրար, պատճառել մարմնական վնասվածքներ: Ըստ ոստիկանության՝ մասնակիցներից 27-ամյա տղամարդը վնասվածքը ստացել էր կտրող-ծակող գործիքից.

«Դանակահարություն չի եղել։ Մի ընտանիք են, ընտանիքի անդամների մեջ է վեճը եղել։ Երկու սուրու անասուն է եղել, իրար ճանապարհ չեն տվել, հորեղբոր տղաներն իրար հետ վիճել են։ Դանակարահողն անչափահաս երեխա է, չի հասկացել` ինչ է կատարվում, էնքան որ հորեղբոր տղայի ոտքը դանակով քերծել է, ուրիշ ոչ մի բան չի եղել։ Ոստիկանությունը զբաղվում է։ Իրականում, չգիտենք, ով է էդքան ճոխացրել պատմությունն ու համացանցով տարածել, բայց ոչ մի բան էլ չի եղել։ Դանակահարողն էլ, դանակահարվածն էլ տանն են»,- պատմեց Բրոյանը։

Ալագյազ խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Արթուր Գրիգորյանը ևս հայտնեց, որ արոտավայրերն առհասարակ ամեն մեկն իրենն է ունենում, այս դեպքում, պարզապես անասուններին անցկացնելու խնդիր է եղել, որը վիճաբանության առիթ է դարձել։ «Լուրջ վնասվածքներ չեն եղել։ Հիմա բնակավայրում էլ հանգիստ է վիճակը»։

Լիաննա Թորոսյան