Նոր զարգացումներ ռուս-ուկրաինական հարցով․ Լոնդոնում որոշում է սպասվում զինադադարի մասին

ԱՄՆ-ը Փարիզում բանակցությունների ժամանակ հստակ հասկացրել է, որ մշակել է «հայեցակարգի նախագիծ»՝ ռուս-ուկրաինական հրադադարի ռեժիմի մոնիտորինգի համար, եթե այն համաձայնեցվի: Այս մասին հայտնել է «The Wall Street Journal»-ը՝ վկայակոչելով արևմտյան պաշտոնյայի։
Թերթի աղբյուրը մանրամասներ չի հայտնել։
Ապրիլի 17-ին ԱՄՆ-ը Ֆրանսիայի մայրաքաղաքում մի քանի հանդիպումներ է ունեցել Ուկրաինայի և եվրոպական երկրների ներկայացուցիչների հետ։
Ուկրաինան աջակցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրին, հաջորդ քայլը Ռուսաստանինն է, գրել է «New York Post»-ը։
Ըստ թերթի՝ Ուկրաինան համաձայն է Թրամփի կողմից Փարիզում ներկայացված խաղաղության շրջանակի «90 տոկոսին»:
Ուկրաինայում կրակի ամբողջական և համապարփակ դադարեցման շուրջ համաձայնությունը կարող է ձեռք բերվել հաջորդ շաբաթ Լոնդոնում, նշել է «New York Post»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի։
Հրատարակությունը գրել է, որ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը ամերիկացի պաշտոնյաներին ասել է, որ Կիեւը «90%-ով» աջակցում է նախագահ Թրամփի խաղաղության շրջանակին, որն այս շաբաթ Փարիզում ներկայացրել են պետքարտուղար Մարկո Ռուբիոն և երկու հատուկ բանագնացները
«Մենք ցանկանում ենք հաջորդ շաբաթ Լոնդոնում որոշում կայացնել ամբողջական և համապարփակ զինադադարի մասին»,- ասել է պաշտոնյան։