Որքանո՞վ է իրավաչափ Կառավարության ցանկությունը՝ հասանելիություն ունենալ արցախցիների բանկային տվյալներին

Որքանո՞վ է իրավաչափ Կառավարության ցանկությունը՝ հասանելիություն ունենալ արցախցիների բանկային տվյալներին

Նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները կստանան 50,000-ական դրամ, առաջնահերթ սպառողական ծախսերի աջակցության նպատակով: Այս մասին Կառավարության հումանիտար կենտրոնի ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: 

Նա նշել է, որ բացառություն կլինեն նրանք, որոնց բանկային հաշվի վրա կլինեն բավականաչափ խնայողություններ: «Անկախ այն հանգամանքից, մարդիկ արդեն աշխատանք գտել են, թե ոչ, իրենք կհանդիսանան շահառու, կստանան հասանելիք 50,000-ական դրամները»,- ասել է փոխվարչապետը։ 

Արդյո՞ք իրավաչափ է այս որոշումը, Կառավարությունն ի՞նչ իրավունքով պետք է տիրապետի արցախցիների բանկային տվյալներին և ի՞նչ ասել է բավականաչափ գումար․ այս հարցերի շուրջ MediaHub.am-ը զրուցել է տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։

«Այդ 40+10 հազար դրամները Կառավարությունը տալիս է արցախցիներին կոմունալ վճարների և բնակվարձի համար, և այն արցախցիները, որոնք իրենց հաշվին ունեն «իքս» քանակությամբ գումար, այսինքն՝ ունևոր են, ապա կարիք չունեն այդ գումարը ստանալու․ սա է Կառավարության տրամաբանությունը»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Պարսյանը։ 

Նրա խոսքով՝ մենք նման մոտեցում ունենք նաև նպաստառու ընտանիքների մասով, կային դեպքեր, երբ ընտանիքները մեծ վարկեր էին վերցնում, դրսից մեծ գումարներ էին ստանում, այդ իսկ պատճառով որոշում ընդունվեց, որ Կառավարությունն իրավունք ունի ստուգել նպաստառուի բանկային տվյալները։ 

«Հիմա նույն պարագայում, եթե արցախցին ցանկանա այդ գումարը ստանալ, ապա Կառավարությունն իրավունք կունենա ստուգել նրա բանկային տվյալները։ Այսինքն՝ թիրախային, հասցեական աջակցություն տրամադրելուն է միտված քայլը։ Եթե քաղաքացին դիմում է գումար ստանալու համար, ապա թույլ է տալիս հասանելիություն ունենալ իր բանկային տվյալներին»,- ներկայացրեց Պարսյանը։

Նշենք, որ Կառավարությունը չի հստակեցրել, թե գումարի որ չափն է համարվում բավականաչափ խնայողություն։ Ըստ Սուրեն Պարսյանի՝ դեռ հաշվարկներ իրականացված չեն, Կառավարությունը դեռևս ուսումնասիրություն չի իրականացրել, բայց խոսքը մեծ գումարի մասին պետք է լինի, օրինակ՝ 20 հազար դոլարից ավելի ավանդ ունենալու։

Նարե Գնունի