Վթար՝ Երևանում, բախվել են 2 «BMW»-ներ, որոնցից մեկն էլ հայտնվել է փոսում. Shamshyan

Վթար՝ Երևանում, բախվել են 2 «BMW»-ներ, որոնցից մեկն էլ հայտնվել է փոսում. Shamshyan

Այսօր՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:20-ի սահմաններում Սարալանջի փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 24-ամյա Սամվել Օրդուխանյանի վարած «BMW» մակնիշի և 33-ամյա Մհեր Սարգսյանի վարած «BMW X3» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: 
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Տիգրան Խուդանյանի գլխավորությամբ: 

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: 
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է Ս. Օրդուխանյանի վարած «BMW»-ում առաջացած անսարքությունը, ինչի հետևաքով վարորդը չի կարողացել կառավարել, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել «BMW X3»-ին, ապա առաջ ընթացել, բախվել ճանապարհի եզրին տեղադրված երկաթե թիթեղին, կոտրել այն և մասամբ հայտնվել փոսում: 
 
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: 
 
Մինչ պարեկների դեպքի վայր ժամանելը՝ որոշ մարդիկ փորձել են փոսում հայտնված «BMW»-ի համարանիշները հանել, սակայն տեսնելով պարեկներին՝ հրաժարվել են այդ մտադրությունից: