Գաղտնի նիստեր և հանդիպումներ, Ինչու է Փաշինյանը մեկնում Ֆրանսիա. Մամուլը՝ սուրճով

Գաղտնի նիստեր և հանդիպումներ, Ինչու է Փաշինյանը մեկնում Ֆրանսիա. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը, մեր տեղեկություններով, այսօր կմեկնի Ֆրանսիա՝ մասնակցելու Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի աճյունը Փարիզի պանթեոնում վերահուղարկավորելու արարողությանը։ Մանուշյանը կամփոփվի ֆրանսիացի մեծությունների՝ Վիկտոր Հյուգոյի, Ռուսոյի, Էմիլ Զոլայի եւ Ալեքսանդր Դյումայի կողքին։ Նրա աճյունը պանթեոն տեղափոխելու որոշումը կայացրել է Էմանուել Մակրոնը։

Միսաք Մանուշյանը Երկրորդ համաշխարհային պատերազմի դիմադրության հերոսներից էր, նա եւ իր խմբի անդամները ընկան 1944 թ. փետրվարի 21-ին: Կառավարության լրատվականը Փաշինյանի այցի վերաբերյալ հարցին հերթապահ պատասխան տվեց. «Բոլոր այցերի մասին վարչապետի աշխատակազմը պատշաճ տեղեկացնում է»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը կալանավորումից առաջ հարցազրույց է տվել ԼուրջCast-ի շրջանակներում ArmComedy-ի հաղորդավարներին եւ հայտարարություն է արել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսին գնացել է ՀՀ քննչական կոմիտե ու ասել է, որ անմեղ մարդիկ չպետք է նստեն, իսկ մեղավորները պետք է նստեն։

Ինչո՞ւ է Փաշինյանը գնացել կոմիտե եւ հրահանգ տվել նախաքննական մարմնին, որի իրավունքը չունի, ի՞նչ գիտի նա՝ ով է մեղավոր եւ ով մեղավոր չէ: Նախաքննությունը ինքը պետք է պարզի անձի մեղավոր կամ անմեղ լինելը. ինչո՞ւ է Փաշինյանը միջամտում քրեական գործերին։

Այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ ՀՀ կառավարությունից։

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանին՝ հասկանալու համար, թե ինչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը օգոստոսին գնացել Քննչական կոմիտե եւ ինչ հրահանգ է տվել։ Ի պատասխան՝ նա հայտնեց, որ Վահան Քերոբյանի հայտարարությանը ծանոթ չէ, ու ինքը չէ, որ պետք է մեկնաբանի Վահան Քերոբյանի հայտարարությունը։ Իսկ, ահա, Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ վարչապետը օգոստոսին Քննչական կոմիտե չի եկել, այլ հոկտեմբերի 9-ին է այցելել, ինչի մասին իրենք պաշտոնական հաղորդագրություն տարածել են։

Էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանին «Սիներջիի» վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել, եւ նա գտնվում է տնային կալանքի տակ:

Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռք բերման մրցույթի ընթացքում կատարված առերեւույթ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 8 անձի նկատմամբ»։

«Հրապարակ» թերթը գրում է.

Պարզվում է՝ Արցախի ԱԺ պատգամավորները ոչ միայն գաղտնի նիստեր են հրավիրում, այլեւ ակտիվ հանդիպումների մեջ են տարբեր քաղաքական-հասարակական կառույցների հետ։ Տեղեկացանք, որ փետրվարի սկզբներին էլ ԱՀ ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը եւ խորհրդարանական երեք ուժերի ներկայացուցիչները՝ «Արդարություն»-ը, ԱԺԿ-ն եւ «Միասնական հայրենիք»-ը, Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում հանդիպել են ՀՀ խորհրդարանական ֆրակցիաների ներկայացուցիչների հետ՝ առանձին-առանձին:

«Պատիվ ունեմ»-ը ողջ կազմով է ներկայացել հանդիպմանը, «Հայաստան» խմբակցությունը՝ եւս ներկայացուցչական կազմով․ Սեյրան Օհանյան, Իշխան Սաղաթելյան եւ այլք։ Քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակի եւ Հայաստանում արցախցիների խնդիրների վերաբերյալ հարցեր, կողմերը որոշել են հանդիպումները շարունակել, նույնիսկ քննարկվել է կանոնավոր հանդիպումների շարք իրականացնելու հարցը: Իսկ հանդիպման ֆորմատը եղել է` նախ խորհրդարանի պատգամավորների հետ հանդիպում, որից հետո հանդիպում Արցախի նախագահի հետ: Այսինքն՝ նույն օրը պատգամավորները նաեւ Սամվել Շահրամանյանի հետ են հանդիպել:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հրաժարվում են տեղափոխվել գործադիր, խուսափում են Նիկոլ Փաշինյանի հետ ամենօրյա անմիջական շփումներից:

«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է գրել, որ Նիկոլ Փաշինյանը մտադիր է «չիստկա» անել գործադիրում ու ազատվել մի շարք անգործունյա նախարարներից, բայց, արի ու տես, Փաշինյանի կադրային պահեստն այնքան սնանկ է, փորձառու մասնագետներ չկան, որ փոխարինողներ չի գտնում:

Մեր տեղեկություններով՝ Փաշինյանը ցանկացել է, այսպես ասած, «ռակիրովկաների» գնալ ու օրենսդիրից պատգամավորներին բերել գործադիր, անգամ նրանց առաջարկել է այս կամ այն նախարարի պաշտոնը, բայց ՔՊ-ական պատգամավորները տարբեր պատճառաբանություններով մերժել են՝ փորձելով նաեւ չբարկացնել Փաշինյանին:

Տեղեկացանք նաեւ, որ պատճառն էլ այն է, որ պատգամավորները չեն ցանկանում Փաշինյանի անմիջական վերահսկողության տակ լինել ու խուսափում են նրա հետ ամենօրյա անմիջական առերեսումներից:

Բացի սա, ինչպես մեզ հայտնեցին, ՔՊ-ականներն իրենց հարմարավետ են զգում խորհրդարանում, ավելի «պրեստիժ» են համարում պատգամավորի պաշտոնը, դրա համար էլ չեն ցանկանում տեղափոխվել գործադիր»։