Առանց վնասի նախաճաշ. ո՞ր մթերքները պետք է բացառել առավոտյան ճաշացանկից

Առանց վնասի նախաճաշ. ո՞ր մթերքները պետք է բացառել առավոտյան ճաշացանկից

Բժիշկը նախազգուշացրել է նախաճաշի ժամանակ դատարկ ստամոքսին արագ պատրաստվող շիլա ուտելու և սուրճ խմելու վտանգների մասին։

Նա նաև խորհուրդ է տվել առավոտյան խուսափել սպիտակ հացից, կեքսից ու խմորեղենից՝ պարզ ածխաջրերի բարձր պարունակության պատճառով:

Գաստրոէնտերոլոգ Եվգենյա Զարուբինան կիսվել է իր խորհուրդներով, թե որ մթերքները պետք է բացառել առավոտյան ճաշացանկից։ «Газеты.ру»-ին տված հարցազրույցում նա թվարկել է սննդամթերքի մի քանի տեսակներ, որոնք կարող են վնասակար լինել առողջության համար, եթե դրանք օգտագործվեն նախաճաշին։

Առավոտյան սեղանի գլխավոր «հակահերոսներից» մեկը, ըստ Զարուբինայի, լուծվող շիլան է։ Չնայած իրենց հարմարությանը և պատրաստման արագությանը, նման շիլաները ենթարկվում են ինտենսիվ վերամշակման, ինչի արդյունքում կորցնում են իրենց օգտակար հատկությունների մեծ մասը։ Մասնագետն ընդգծել է, որ նման մթերքների հաճախակի օգտագործումը կարող է հանգեցնել մարսողության անհավասարակշռության։

Բացի այդ, Զարուբինան հորդորել է կտրականապես հրաժարվել դատարկ ստամոքսին սուրճ խմելուց։ Նրա խոսքով՝ սուրճը խթանում է աղաթթվի արտադրությունը, որը կարող է առաջացնել ստամոքսի լորձաթաղանթի գրգռում, իսկ արդյունքում՝ անհանգստություն կամ նույնիսկ ցավ։ Սա հատկապես կարևոր է զգայուն ստամոքս ունեցող մարդկանց կամ գաստրիտով տառապողների համար։

Առանց ուշադրության չեն մնացել այնպիսի մթերքներ, ինչպիսիք են սպիտակ հացը, խմորեղենը և այլ հացաբուլկեղեն: Բժիշկը շեշտել է, որ այս մթերքները պարունակում են պարզ ածխաջրեր, որոնք կարող են արագ բարձրացնել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, իսկ հետո նույնքան արագ նվազեցնել։