«Դուք դպրոցում հայերեն չեք սովորել, դրա համար էլ ձեր երկիրը գրավել են»․ ուսուցչուհին՝ արցախցի երեխային

«Դուք դպրոցում հայերեն չեք սովորել, դրա համար էլ ձեր երկիրը գրավել են»․ ուսուցչուհին՝ արցախցի երեխային

Ֆեյսբուքյան տիրույթում շարունակում է արագորեն տարածվել միջադեպի մասին մի լուր, որը վերջերս տեղի է ունեցել Սախարովի անվան N 69 հիմնական դպրոցում։ 

Բիզնեսի կառավարման մասնագետ Լիլիթ Ղարեյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում էր արել, ըստ որի՝ երգի ուսուցչուհին (անունը դեռ ճշտվում է, քանի որ երեխան ընդամենը մեկ երգի դաս է ունեցել և չի հիշում) 4-րդ դասարանի արցախցի երեխային ասել է՝ «այ, դուք ձեր 3-րդ դպրոցում հայերեն չեք սովորել, դրա համար էլ ձեր երկիրը գրավել են»։ 

MediaHub֊ը կապ հաստատեց 69 դպրոցի տնօրեն Մարիաննա Մելյանի հետ՝ պարզելու, թե ինչ է կատարվել և ինչ միջոցներ են ձեռնարկվում։ 

«Տարածված լուրն ամբողջությամբ սուտ է, անգամ ամենավատ ուսուցիչը նման արտահայտություն չէր կարող անել։ Ծնողը մեզ հետ կապ չի հաստատել, չի դիմել, չի խոսել մեզ հետ, միայն այդ հրապարակումն է եղել։ Մեր դպրոցում մոտ 50 արցախցի երեխաներ կան, որոնց շատ գրկաբաց ընդունել ենք։ Միանշանակ, ապատեղեկատվություն է, ուրիշ ավելացնելու բան չունեմ»,- նշեց դպրոցի տնօրենը։ 

Հարցին, թե ի՞նչ միջոցներ են իրենք ձեռնարկում, տնօրենը պատասխանեց, որ փնտրում են ծնողին, որը տարածել է այդ տեղեկությունը։ 

MediaHub-ը հետևողական կլինի այս միջադեպի մասով զարգացումներին։

Մարիա Զարգարյան