Սահմանազատման գործընթացի նկատմամբ թերահավատություն ունեմ․ Կապանի քաղաքապետ 

Սահմանազատման գործընթացի նկատմամբ թերահավատություն ունեմ․ Կապանի քաղաքապետ 

Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանից այսօր MediaHub-ը հետաքրքրվեց, թե ինչպիսի՞ն են կապանցիների տրամադրություններն իշխանությունների ձեռնարկած այս սահմանագծման և սահմանազատման գործընթացի կապակցությամբ։

«Մեզ մոտ իրավիճակը, ընդհանուր առմամբ, անփոփոխ է, նույնն է, անհանգստացնում է ընդհանուր անորոշությունը»,- ասաց Փարսյանը։ 

-Մի քանի օր առաջ կապանցի պատգամավոր, ՔՊ-ական Դավիթ Դանիելյանը մեզ հետ զրույցում ասաց, թե սյունեցիները անհամբեր սպասում են, թե երբ է սահմանազատման այս գործընթացը հասնելու Սյունիք։ Կա՞ նման բան, ըստ Ձեզ։

-Անհամբեր սպասելը․․․ Քանի որ Սյունիքի մարզի տարբեր հատվածներ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, միգուցե դրա հետ կապվա՞ծ է ինքը ասում։ 

-Այսինքն՝ հույս ունեն, օրինակ, Գորիս-Կապան մայրուղին նորից վերադարձնե՞լ Հայաստանին։ 

-Ոչ միայն մայրուղու մասին է խոսքը, Ներքին Հանդի վերաբերյալ, օրինակ, բազմաթիվ անգամներ եմ ես ասել, որ ներկա դրությամբ 2700 հա օկուպացված է Ադրբեջանի կողմից։ Նույն խնդիրը կա և՛ Գորիս համայնքում՝ Տեղ գյուղում, և՛ Սիսիանում՝ Սճ լճի և Իշխանասարի հետ կապված, և այլ հատվածներում։

-Դուք ի՞նչ ակնկալիքներ ունեք այս սահմանազատման և սահմանագծման գործընթացից, ինչպե՞ս եք վերաբերվում, առհասարակ, թե՛ այդ գործընթացին, թե՛ դրա ծավալվող շարժմանը՝ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ։ 

-Սահմանազատման գործընթացի նկատմամբ փոքր-ինչ թերահավատություն ունեմ։

-Ինչո՞վ է դա պայմանավորված։

-Պայմանավորված է նրանով, որ կարծում եմ՝ պատահական չի սահմանազատումը սկսվել Տավուշի մարզից, քանի որ հենց ադրբեջանական կողմն է, փաստորեն, ցանկացել, որ այդտեղից սկսվի, որ չորս գյուղերն անցնեն իր տիրապետության ներքո։ Եւ որքան հիշում եմ, նույն Ալիևը ամիսներ առաջ հայտնեց դրա մասին, որ հանձնաժողովները հանդիպել են կոնկրետ էդ հարցով։ Եւ, փաստորեն, ինչի մասին ինքը խոսում է, իրականություն է դառնում։ 

-Իսկ կցանկանայի՞ք Սյունիքից սկսվեր սահմանազատումը։ 

-Բնականաբար, եթե Սյունիքից սկսվեր, և դրա արդյունքում Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքները վերադարձվեին հայկական կողմին, իհարկե, կուզեի։ Բայց դրա հետ կապված, ասում եմ, թերահավատություն ունեմ։ 

-Իսկ Բագրատ Սրբազանի առաջնորդած այս շարժմանն ինչպե՞ս եք վերաբերվում, և կապանցիները, օրինակ, պատրա՞ստ են գալ Երևան ու մասնակցել այս ցույցերին՝ ընդդեմ սահմանազատման գործընթացի։

-Դե, իմ իմացած տեղեկություններով, կապանցիներ կան, որոնք մասնակցում են։ 

-Իսկ Ձեր վերաբերմունքն ինչպիսի՞ն է դրան, աջակցո՞ւմ եք շարժմանը։ 

-Դրա մասին առիթ կունենանք խոսելու։ 

-Իսկ իշխանությունների հետ Ձեր հարաբերություններն ինչպիսի՞ն են, այն ժամանակ մի փոքր լարվածություն կար, Դուք ընդդիմադիր քաղաքապետ էիք համարվում, այդքան հարթ չէին Ձեր և իշխանությունների հարաբերությունները։ 

-Մեր հարաբերությունները խիստ աշխատանքային են, համագործակցությունը զուտ աշխատանքային է՝ ինչպես նախկինում, այնպես էլ ներկայում, որևիցե փոփոխություն չկա։ 

-Ասում են՝ Սյունիքի համայնքապետերը կամաց-կամաց մերվեցին այս իշխանությունների հետ, այլևս նախկին ընդդիմադիր կերպարը չկա նրանց մոտ։ 

-Ես չգիտեմ՝ ով ինչ է ասում, ես կարող եմ ինձ հետ կապված ասել՝ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, որևիցե փոփոխություն չկա։ Որպես ՏԻՄ՝ մենք աշխատանքային հարաբերություններ ունենք, դրանից ոչ ավելի։ 

-Իսկ Կապանի թռիչքներն իրականացվում են, չէ՞, կապանցիները գո՞հ են։

-Այո, իրականացվում են։ Իհարկե, շատ կարևոր հանգամանք է Կապանի օդանավակայանի գործարկումը։ 

-Դուք երբևէ օգտվե՞լ եք այդ չվերթից, գո՞հ եք։ 

-Ես, առիթ չի եղել, որ օգտվեմ, չի հարմարվել, բայց ինքը բավականին լավ, արդյունավետ աշխատում է։

Վահե Մակարյան