«Տնտեսական կարճատեսություն». Քերոբյանի «օպտիմիզմը»

«Տնտեսական կարճատեսություն». Քերոբյանի «օպտիմիզմը»

2022թ․ ապրիլին Հայաստանի աշխատաշուկան աճել է բավականին առույգ ձևով և հերթական անգամ ռեկորդ ենք արձանագրել՝ 664,736 աշխատատեղ։ Այս մասին գրառում է կատարել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Փաշինյանական իշխանության միակ «դրական» կողմը՝ հումորի յուրահատուկ զգացողություն ունեցող պաշտոնյաներն են՝ օրինակ Վահան Քերոբյանը: 

Քերոբյանը Երևանի փոքր կենտրոնի սրճարաններ այցելելիս նկատել է ակտիվություն՝ ռուս և այլազգի զբոսաշրջիկների լի սեղաններ, ինչն էլ նրան հանգեցրել է այն մտքին, որ Հայաստանում տնտեսական ռեկորդային աճ կա:

Տնտեսական «օպտիմիստ» Քերոբյանը չի տեսնում ՀՀ-ի 11 միլիարդ դոլարը գերազանցող արտաքին պարտքը, հարյուր հազարների հասնող արտագաղթը՝ սկսած 2018թ.-ից ՀՀ հազարավոր քաղաքացիներ ապագա չկապելով ՔՊ-ական Հայաստանի հետ՝ արտագաղթել են կամ հրաժարվել են ՀՀ քաղաքացիությունից:

Հայաստանն ունի մեկ միլիոն աղքատ բնակչություն՝ դատարկվող գյուղեր, մարզեր՝ զրո աշխատատեղեր մարզերում, ինչի հետևանքով մարզային բնակչությունն աշխատանք գտնելու հույսով կենտրոնացել է մայրաքաղաք Երևանում, իսկ մի մասը՝ արտագնա աշխատանքի է ՌԴ-ում: 2018թ.-ին Փաշինյանի համար փողոցներ փակողները ասֆալտ են փռում հեռավոր Սիբիրներում՝ այդպես էլ չգտնելով Քերոբյանի 664,736 աշխատատեղերը:

Նախարար Քերոբյանը պետք է հաճախ այցելի դատարկվող գյուղեր՝ հեռավոր, սահմանամերձ, մտնի խանութներ՝ համաշխարհային ռեկորդներ սահմանող գնաճը տեսնելու համար: Ռեկորդային տնտեսական աճ է գրանցվել ՔՊ-ական նախարարների, պատգամավորների, նրանց հարազատների և ընկերների շրջանում՝ ՀՀ քաղաքացիները զուրկ են այդպիսի տնտեսական աճը վայելելու շանսերից:

Փաշինյանի օրոք Հայաստանը վերածվել է «ծուռ հայելիների երկրի», որտեղ սուտը վերածվել է պետական կառավարման մոդելի՝ ֆեյքոկրատիան այլևս կենսակերպ է գործող իշխանությունների համար:

Վահրամ Բագրատյան