ՆԱՏՕ-ի լրտեսական ինքնաթիռների ռեկորդային քանակություն է գրանցվել Ռումինիայի երկնքում

Ռումինիայի «Adevarul» հրատարակության համաձայն՝ Ռումինիայի երկնքում, ինչպես նաև Սև ծովի երկնքում նկատվել է ՆԱՏՕ-ի երկրների հետախուզական ինքնաթիռների ռեկորդային քանակություն:
«Դաշնակիցների հետախուզական ինքնաթիռների ռեկորդը Ռումինիայի երկնքում և Սև ծովում։ Դա երկար ժամանակ է, ինչ շարունակվում է, սակայն երեկ (երեքշաբթի – խմբ.) ռեկորդային է եղել այդ թռիչքների համար»,– հաղորդում է հրատարակությունը։
Խոսքն առաջին հերթին ՆԱՏՕ-ի օդադեսանտային վաղ զգուշացման և վերահսկման ուժերի (AWACS) երկու Boeing E-3 Sentry ինքնաթիռի, ինչպես նաև Boeing KC-135R Stratotanker-ի մասին էր։
ԱՄՆ ռազմածովային ուժերի Lockheed EP-3E Aries II ինքնաթիռը երկար ժամերով պտտվել է Դանուբի դելտայի և երբեմն Սև ծովի վրայով: Նկատվել է ևս մեկ արտասովոր ինքնաթիռ՝ Bombardier Challenger 650 ARTEMIS-ը, որն առաջին հայացքից բիզնես-ջեթի տեսք ունի։ Ադեվարուլը, վկայակոչելով իր աղբյուրները, վստահեցնում է, որ ինքնաթիռը լի է սենսորներով և համակարգիչներով, որոնք թույլ են տալիս որսալ և վերծանել թշնամու հաղորդագրությունները հարյուրավոր կիլոմետր հեռավորության վրա: Ինքնաթիռը պատկանում է մասնավոր ընկերության, և չնայած ինքնաթիռում զինվորական անձնակազմ չկա, Պենտագոնի փորձագետները արբանյակի միջոցով միացված են դրա սենսորներին, տվյալներն օգտագործվում են իրական ժամանակում։
Վերջապես, հզոր Northrop Grumman RQ-4B Global Hawk անօդաչու թռչող սարքը նույնպես թռել է Սեւ ծովի վրայով։ Այն ունի տարբեր էլեկտրաօպտիկական և ինֆրակարմիր սենսորներ, ինչպես նաև բարձր ճշգրտության ռադարներ, որոնք թույլ են տալիս օրական վերահսկել 100,000 կմ² տարածք՝ Հարավային Կորեայի կամ Իսլանդիայի չափ տարածք:
ՆԱՏՕ-ն, Սևծովյան հացահատիկի նախաձեռնության դադարեցման ֆոնին, որոշել է ուժեղացնել հետախուզությունը սևծովյան տարածաշրջանում. ասված է հուլիսի 26-ին կայացած ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի արդյունքներով կայացված հայտարարության մեջ։