Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Երաշխիք չկա, որ Արևմուտքում «Խաղաղության պայմանագիր» կնքելուց հետո ՀՀ-ի պետականություն գոյություն կունենա 

Blog Image

Սոչիի հանդիպումը նախապես ծրագրված այց էր՝ ԵԱՏՄ շրջանակներում, շատ մեծ սպասելիքներ ու ակնկալիքներ ունենալ պետք չէ․ MediaHub-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը՝ խոսելով այն մասին, որ Փաշինյանն այսօր մեկնեց աշխատանքային այցով ՌԴ։

«Հաշվի առնելով Արցախի հարցի բանակցային հետագիծը, երբ հայկական կողմն ավելի շատ ուղղված է դեպի Արեւմուտք, մարդկանց մոտ տրամաբանական սպասումներ են առաջանում, որ միգուցե ՌԴ-ում բեկում կմտցվի բանակցությունների մեջ։ Ոչ մի բեկում էլ սպասել պետք չէ, օբյեկտիվորեն նշենք, որ առնվազն ներկայիս փուլում Ռուսաստանը բաց է թողել գլխավոր միջնորդի իր դերակատարությունը՝ հայ-ադրբեջանական բանակցություններում եւ ֆունդամետալ փոփոխություններ սպասել պետք չէ»,-ասաց նա։ 

Անդրադառնալով մայիսի 26-ին Մոսկվայում Պուտին-Փաշինյան-Ալիեւ եռակողմ հանդիպմանը, որը տեւեց 20 րոպե, քաղաքագետը նշեց, որ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ տեղի ունեցած իբրեւ թե թեժ բանավեճը նպատակաուղղված քայլ էր տեսախցիկների առջեւ, որպեսզի տապալեն եռակողմ բանակցությունների շրջանակում ռուսական կողմի միջնորդությամբ առարկայական բանակցությունները։ Խոսելով Փաշինյանի Թուրքիա կատարած այցի եւ Հայաստանի ղեկավարի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքին՝ Մաթեւոսյանը շեշտեց, որ թուրքական իշխանությունների վերաբերմունքը Փաշինյանի նկատմամբ մաքուր քաղաքական ու աշխարհակաքաղաքական է, եւ բոլորովին այլ հարցի է վերաբերում։ 

«Եթե հասկանանք մի պարզ բան, որ Վաշինգտոնում եւ Բրյուսելում տեղի ունեցող բանակցությունների սեղանի շուրջ, ոչ թե Արցախի, այլ Հայաստանի կարգավիճակի հարցն է, պարզ կլինի ամեն բան։ Հայաստանի Հանրապետությունում 2018թ․-ի իրադարձությունների ֆոնին ֆունդամենտալ եւ հիմնական նպատակը եղել է տարածաշրջանի աշխարհաքաղաքական ճարտարապետության փոփոխությունը։ Հայաստանը պետք է դադարեր լինել Ռուսասատանի եւ Իրանի համար դաշնակից եւ ռազմավարական ընկեր ու պետք է տարածաշրջանային համագործակցության շրջանակներում կցվեր Թուրքիային եւ Ադրբեջանին։ Դա իրականացնելու համար Հայաստանն, առաջին հերթին, պետք է հրաժարվեր Արցախից, իր բանակցային շահեկան դիրքից, Արցախը ճանաչեր Ադրբեջանի մաս, դուրս գար ՀԱՊԿ-ից, պետք է ռուսական ռազմական ներկայությունը տարածաշրջանում զրոյացներ, որի դիմաց Հայաստանի իշխանությունները, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, երաշխիքներ էին ստանում իշխանությունը պահպանելու համար։ Այդ երաշխիքները ուզում են ստանան Արեւմուտքից, բայց այնտեղ նրան ասում են՝ մենք միջնորդ չենք, այլ հարթակ ենք տրամադրում բանակցությունների համար»,-պարզաբանեց քաղաքագետը։

Ըստ նրա՝ այստեղից հետեւություն, որ եթե Արեւմուտքը միջնորդ չէ, ուրեմն նաեւ անվտանգային համակարգի առաջարկ էլ չի կարող ներկայացնել Հայաստանին։ 

«Արեւմուտքում ասում են՝ գնացե՛ք, Թուրքիայի հետ պայմանավորվեք՝ Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան ռազմավարական դաշինք կնքեք, բայց առանց Հայաստանի համար անվտանգային երաշխիքների։ Երբ վերջին ասուլիսի ժամանակ Փաշինյանին հարցրին, թե որտեղ է փնտրում անվտանգային երաշխիքները, ասաց՝ տարածաշրջանում։

Տարածաշրջանում նշանակում է՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ռազմաքաղաքական դաշինք՝ առանց Հայաստանի համար անվտանգային երաշխիքների։ Թուրքիա գնալով եւ Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցելով Փաշինյանը պարզապես եւս մեկ անգամ հաստատեց, որ այդ ծրագրին կողմ է»,-ասաց Մաթեւոսյանը։ 

Ինչ վերաբերում է Հայաստանի կադաստրի փաստաթղթին, որի մասին վերջերս սկսել է խոսել Նիկոլ Փաշինյանը, Մաթեւոսյանն ասում է, որ դա պետք է ոչ թե Հայաստանին, այլ Ադրբեջանին։ 

«Իրականում Հայաստանն է Ադրբեջանին կադաստրի թուղթ տալիս, երբ հայտարարում է, որ ճանաչում է 86,600 քառակուսի կիլոմետրը։ Այս մարդիկ կադաստրի վկայական Ադրբեջանին են տալիս։ Ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի պետականությունը կշարունակի գոյություն ունենալ այն բանից հետո, երբ արեւմտյան հարթակում խաղաղության պայմանագիր կստորագրվի։ Իրենք 2-3 տարվա ընթացքում փորձելու են ֆունդամենտալ լուծել Հայաստանի պետականության հարցը»,-ընդգծեց քաղաքագետը։ 

Լիա Սարգսյան

Send