5 ամիս անորոշության մեջ ենք․ Աբելի հետ կապն ընդհատվել է սեպտեմբերի 19-ին, ընտանիքը կարծում է՝ նա գերության մեջ է  

5 ամիս անորոշության մեջ ենք․ Աբելի հետ կապն ընդհատվել է սեպտեմբերի 19-ին, ընտանիքը կարծում է՝ նա գերության մեջ է  

Արդեն 5 ամիս է անցել Արցախի կորստից, բայց դեռ կան ընտանքիներ, որոնց հարազատներից առ այսօր որևէ լուր չկա։ Լուսինե Էմիրյանը MediaHub-ին պատմում է, որ 40-ամյա ամուսնու Աբել Միրզոյանի հետ խոսել է սեպտեմբերի 19-ի կեսօրին, որից հետո կապն ընդհատվել է ու մինչ օրս լուր չունի․ ողջ է թ՞ե զոհված։

«Այդ օրն ամուսնուս հոր՝ Հայկ Միրզոյանի հոր մահվան օրն էր։ Կեսօրին գերեզման գնալուց առաջ խոսեցի Աբելի հետ, հիմնականում ընտանեկան թեմաներից ենք խոսել, հարցրել է բոլորից, բայց լարված վիճակի ու կուտակումների մասին ոչ մի խոսք։ Երբ եկել ենք գերեզմանից, սեղան նստելուց առաջ բացել եմ ֆեյսբուքյան էջս ու տեսել համացանցը ողողված է «Արցախում պատերազմ է» գրություններով։ Ինքնազգացողությունս վատացել էր, ամբողջ մարմինս դողում էր»,- ասաց Լուսինեն։

Տարիներ առաջ Լուսինեն ամուսնացել է Սյունիքի Շինուհայր գյուղում։ Աբելի հետ ապրում էին Գորիսում, 3 անչափահաս երեխա ունեն։ 2022-ին Աբելը տեղափոխվել էր Արցախ, պայմանագրային հիմունքներով ծառայում էր ՊԲ-ում։ Կինն ասում է, որ դիրքերից իջնելուց հետո ժամանակն անց էր կացնում ընտանիքի հետ, բայց դեկտեմբերին Գորիս-Ստեփանակերտ ճանապարհն ադրբեջանցիների կողմից փակվելուց հետո՝ Աբելը մնացել է բարիկադի մյուս կողմում։ 

«Պատերազմի լուրն առնելով` առաջին բանը, որ արել եմ, զանգել եմ ամուսնուս, կապ չի եղել։ Մի քանի անգամ փորձելուց հետո մայրս, որ բնակվում էր Հաթերքում, ասաց` «պատերազմ է», և որ Աբելի ու քրոջս ամուսնու՝ Էրիկի հետ չեն կարողանում կապվել, իսկ իրենք վազում են դեպի դպրոցի ապաստարան»,- պատմեց մեր զրուցակիցը։

Գորիսում գտնվող Լուսինեն ու Աբելի բոլոր հարազատները պատերազմի ընթացքում ու զինադադարից հետո սկսել են փնտրել նրան, քանի որ Արցախ տանող ճանապարհը փակ էր, այնտեղ գտնվող հարազատներն են աշխատանքը շարունակել հիվանդանոցներում ու դիահերձարաններում։

«Տեղեկություն մեզ հասավ, որ Չարեքտարից 6 մարմին են տեղափոխել Մարտակերտ, որից հետո՝ Ստեփանակերտ։ Նրա ընկերներն ու մեր հարազատները բերված դիերի մեջ Աբելին չեն գտել։ Նրա կրքավանդակի հատվածում հոր տապանաքարով դաջվածք կա, այդտեղ չի եղել։ Ավելի հավաստիանալու համար մենք ԴՆԹ թեստ ենք հանձնել, մինչ օրս չի նույնականացվել»։

Դիրքը, որտեղ Աբելն է եղել, ըստ Լուսինեի միայն «Մուշեղ» անունով մի վկա է գտնվել։ Նա պատմել է, որ նախքան պատերազմը միասին են եղել, որից հետո ինքն այլ տեղ է գնացել ու չի տեսել Աբելին ու մյուսներին։ Հիմա Լուսինեն փնտրում է մեկին, ով ստույգ վկայություն կտա ամուսնու զոհվելու կամ գերեվարվելու մասին։ 

«Մուշեղն ասաց միասին մի կտոր հաց են կերել, այդ օրը իր դստեր ծնունդն էր, Աբելի հոր հիշատակի օրը։ Պատերազմը սկսվելուց հետո Մուշեղն Աբելին չի տեսել»,- վշտանում է Լուսինեն, ու անորոշությունից տեղը չի գտնում։  

Հետո կնոջն ասել են, որ Չարեքտարից բերված դիերը դիահերձարան չեն տարել, միանգամից բերվել է Հայաստան, մեկ ուրիշն ասել է, որ այդ դիրքը հրետակոծվել է։ Լուսինեն ասում է, զինադադարից հետո տարածքում փրկարարներն են աշխատել, բայց էլի ամուսնուց որևէ մասունք կամ անձնական իր չի հայտնաբերվել։ 

«Հարազատ քրոջս ամուսինը գերեվարվել է։ Աբելի գերության մեջ գտնվելու հավանականությունը ևս մեծ է։ Չգիտեմ, արդեն կառույց չի մնացել, որ չդիմեմ։ Հուսամ ադրբեջանական կողմը մարդասիրություն կցուցաբերի և եթե գերության մեջ է կհրապարակի անունները, կամ կփոխանցի հայկական կողմին»,- ասաց Լուսինեն՝ նշելով, որ ամուսինը վերջին շաբաթվա ընթացքում ավելի շատ է շփվել հարազատների հետ, անգամ, որ լուսանկարվել չէր սիրում, նկարվում էր՝ ուղարկում ընտանիքի անդամներին։

Հունան Թադևոսյան