Մեկնարկում են Կահիրե-Երևան-Կահիրե կանոնավոր ուղիղ չվերթներ

Մեկնարկում են Կահիրե-Երևան-Կահիրե կանոնավոր ուղիղ չվերթներ

ANRIVA-ն  Air Cairo ավիաընկերության հետ համատեղ մեկնարկում է Կահիրե-Երևան-Կահիրե  կանոնավոր ուղիղ  չվերթներ հունիսի 20-ից. թռիչքները շուտով հասանելի կլինեն մեր համակարգերում: Այս մասին տեղեկացնում է ԱԺ նախկին պատգամավոր, «ANRIVA» ընկերության հիմնադիր Հռիփսիմե Ստամբուլյանը։

«Սիրելի՛ հայրենակիցներ

Ուրախ եմ տեղեկացնել, որ շատ մեծ ջանքերի և երկար բանակցությունների արդյունքում,  Հայաստանը կունենա ևս մեկ , շատ կարևոր, ստրատեգիական ուղղություն:

ANRIVA-ն  Air Cairo ավիաընկերության հետ համատեղ մեկնարկում է Կահիրե-Երևան-Կահիրե  կանոնավոր ուղիղ  չվերթներ հունիսի 20-ից. թռիչքները շուտով հասանելի կլինեն մեր համակարգերում:

Չնայած մեր հայրենիքի առջև ծառացած բազում բարդ խնդիրներին և անորոշ իրավիճակին, պետք է շարունակենք պայքարել:

Ըստ իս, Կահիրեի և Երևանի միջև օդային  ուղիղ կապը  իսկական իրադարձություն է ոչ միայն զբոսաշրջության ոլորտի, այլ նաև Հայաստան - Եգիպտոս տնտեսական գլոբալ զարգացումների տեսանկյունից: Սա նոր,  հեռանկարային  հնարավորություն է բոլոր ոլորտների զարգացման համար:

Կահիրե-Երևան-Կահիրե կանոնավոր չվերթը՝ վստահ եմ, մեծապես կնպաստի դեպի Հայաստան ներգնա տուրիզմի զարգացմանը. այսուհետ կլոր տարի Հայաստանն իբրև զբոսաշրջային ուղղություն  հասանելի կլինի եգիպտացի զբոսաշրջիկների համար, իսկ հազարավոր եգիպտահայերի համար՝ դեպի հայրենիք մշտապես պահանջված ուղիղ ու կարճ ճանապարհ:

Սա , հատկապես կարևորում եմ, զբոսաշրջության համար այս ոչ այնքան բարենպաստ ժամանակաշրջանում, երբ քաղաքական զարգացումները ուղիղ անդրադառնում են զբոսաշրջային ընկերությունների աշխատանքի վրա և  այս  ֆոնին,  դեպի Հայաստան տուրիստական ճանապարհների դիվերսիֆիկացիան առավել քան պահանջված է: 

Մյուս կողմից էլ, Կահիրե-Երևան-Կահիրե շաբաթական կանոնավոր թռիչքները հոյակապ հնարավորություն են ՀՀ  քաղաքացիների համար, ովքեր կարող են այսուհետ Եգիպտոս մեկնել ոչ միայն ծովային հանգստի,  այլև հնագույն քաղաքակրթության, արաբական աշխարհում հայկական հետքը տեսնելու նպատակով: Կահիրեում հայերը հարյուրամյակներով պատմություն են կերտել և միայն այս քաղաքում հայկական 3 եկեղեցի կա: 

Ուղղակի չեմ կարող չկիսվել ձեզ հետ իմ հույզերով ու հիշողություններով այն մասին, երբ 2017-ին, շուրջ 3 տարի բանակցություններից ու ահռելի ներդրումներից հետո,     մեկնարկեցինք դեպի Եգիպտոս, մասնավորապես Շարմ Էլ Շեյխ և Հուրգադա ուղիղ կանոնավոր թռիչքները, ոչ ոք, ո´չ Հայաստանում,  ո´չ Եգիպտոսում, չէր հավատում ու պատկերացնում, որ մեզ դա կհաջողվի, կհաջողվի կլոր տարին անդադար կանոնավոր թռիչքներ իրականացնել  դեպի Եգիպտոս:
 
Իսկ հիմա փաստ է, որ մեզ շատ հարազատ այդ երկիրն իր հանգստավայրերով , հայ զբոսաշրջիկի համար դարձել է թերևս ամենապահանջված  զբոսաշրջային ուղղությունը»,- գրել է նա: