«Ford Transit»-ը վրաերթի է ենթարկել անչափահաս քույր ու եղբոր

«Ford Transit»-ը վրաերթի է ենթարկել անչափահաս քույր ու եղբոր

Այսօր՝ մայիսի 19-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2 անչափահաս երեխաներ՝ տղա և աղջիկ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցում բժիշկները պարեկներին հայտնել են, որ երեխաները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, որոնց առաջին բուժօգնություն են ցուցաբերել, և պատրաստվում են ռեանիմոբիլով տեղափոխել Երևանի մանկական մասնագիտացված հիվանդանոցներ։

Պարեկները պարզել են, որ երեխաները վրաերթի են ենթարկվել Աղավնատուն գյուղում, իսկ վրաերթը կատարվել է «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով։

Դեպքի վայրում պարեկները հայտաբերել են արնանման հետքեր, որտեղ պարեկներ Բախշիկ Շաղբաթյանն ու Գարիկ Մեսրոպյանը սահմանազատել են տարածքը խ, իսկ հիվանդանոցի բակում պարեկները հայտնաբերել են «Ford Transit» մակնիշի ավտոմեքենա, որի առջևի ձախ լուսարձակը կոտրված է. կան կասկած, որ նշված ավտոմեքենան է վրաերթի ենթարկել երեխաներին։

Հիվանդանոցում ավտոմեքենայի հայտնաբերելու վայրը պարեկները սահմանազատել են։

Դեպքի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչյա Ղազարյանի, Վաղարշապատի քննչական բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վրաերթի ենթարկվածների, «Ford Transit»-ի սեփականատիրոջ ինքնությունը, ինչպես նաև՝ ով է եղել վարորդը։ Արդյոք վարորդը փախուստի է դիմել, թե ոչ,դա ևս պարզվում է, քանի որ մինչ այս պահը՝ ժամը 22:50, ոստիկանության Վաղարշապատի բաժին ոչ ոք չի ներկայացել ինքնակամ ու հայտնել, որ ինքն է վրաերթի հեղինակը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վրաերթի ենթարկված երեխաները հարազատ քույր ու եղբայր են։