Նոր մանրամասներ՝ մահացած հայտնաբերված զինծառայողի մասին

Նոր մանրամասներ՝ մահացած հայտնաբերված զինծառայողի մասին

ՀՀ ՊՆ N զորամասերից մեկում այսօր՝ մայիսի 11-ին, կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վիրավորում ստացած Արգիշտի Եղյանը Սյունիքի մարզի Շաքի համայնքից էր։ 20-ամյա Արգիշտին բանակ էր զորակոչվել մեկ տարի չորս ամիս առաջ։

NEWS.am-ի հետ զրույցում Շաքի համայնքի վարչական ղեկավար Ռուբեն Մանուչարյանն ասաց, որ առավոտյան են լսել Արգիշտիի մահվան լուրը։

«Հայրը երեկ ուշ երեկոյան բավականին երկար խոսել է Արգիշտիի հետ։ Ամեն ինչ լավ էր տղայի հետ, բարձր տրամադրություն է ունեցել, ուրախ, բայց թե ինչու է նման բան եղել՝ չգիտենք, հուսով ենք՝ համապատասխան մարմինները կպարզեն։ Մի քանի օր առաջ էլ ես եմ հնարավորություն ունեցել տեսակապով զրուցել նրա հետ, բարձր տրամադրություն ուներ, որեւէ անհանգստություն չուներ»,- պատմեց գյուղի վարչական ղեկավարը։

Արգիշտի Եղյանը սովորում էր ԵՊՀ-ի Եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետի «Անգլերեն, իսպաներեն եւ հաղորդակցության» բաժնի 1-ին կուրսում։

«Իր բացառիկ ընդունակությունների համար, երբ դեռ  աշակերտ էր, ԱՄՆ-ին են տարել, հետո կորոնավիրուսի պատճառով հետ էր եկել։ Արգիշտին հավասարակշռված, գրագետ, զարգացած, խելոք տղա էր»,- պատմեց Ռուբեն Մանուչարյանը։

Արգիշտին երկու ավագ քույր ունի։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ մայիսի 11-ին, ժամը 10:15-ին, Հանրապետության արեւելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է շարքային Արգիշտի Արմենի Եղյանի (ծնվ. 2002 թ.) դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածքով։