50 տարվա դրած տունս տեղավորեցի 1 պայուսակում ու եկանք...

50 տարվա դրած տունս տեղավորեցի 1 պայուսակում ու եկանք...

«Ապաստարանից մեր հարևան 2 կնոջ հետ դուրս եկանք, իբր, մաքուր օդ շնչելու։ Այդ պահին հրթիռի տակ հայտնվեց մեր շենքը։ Ձայնն այնքան ուժեղ էր, որ թվաց, թե աշխարհը մեր գլխին փուլ եկավ, ու ամեն ինչ կորավ ծխի մեջ։ Ես բռնել էի մի դռնից ու քանի ոտքի վրա էի, գիտեի, որ ողջ եմ»,- պատերազմն այսպես է սկսել Ստեփանակերտի 73-ամյա բնակիչ Լաուրա Սարգսյանի համար։

Սեպտեմբերի 19-ին սկսված պատերազմի առաջին վայրկյաններին Ստեփանակերտի Մխիթար Գոշ 10 հասցեի բնակիչներն անմիջապես տեղավորվել են ապաստարանում։ MediaHub-ի զրուցակցի խոսքով՝ այն դեռ վերջնական փուլում չէր, որպես պատսպարան նոր-նոր էին կառուցում։ 

«Մեծ մասի ընտանիքի անդամները տանը չէին, մի մասը աշխատավայրում էին, մյուսները՝ դպրոցում։ Մի անբացատրելի իրարանցում էր։ Չգիտեինք, որ պատերազմը կտևի մեկ օր։ Բայց այդ, ամբողջ օրվա ընթացքում հրթիռակոծում էին։ Ես բնակվում էի առաջին հարկում, մի քիչ ուշ գնացի նկուղ։ Տղաս՝ Սասունը, հրետանավոր էր, ու քանի դեռ կապ չկար, ոչ մի մայր տեղը հանգիստ նստել չէր կարող»,- պատմում է տիկին Լաուրան` նշելով, որ դա էր թերևս պատճառը, որ մի քանի ժամ ապաստարանում մնալուց հետո սրտնեղել են ու որոշել դուրս գալ մաքուր օդ շնչելու։ Հենց այդ պահին ադրբեջանցիները հրթիռակոծել են Ստեփանակերտը, հրթիռները հայտնվել են Մխիթար Գոշ փողոցի 10-րդ շենքի բնակարաններում։

«Տեղում 2 հոգի բեկորային թեթև վիրավորում են ստացել, նրանց իջեցրել են նկուղ ու ցուցաբերել առաջին օգնություն։ Ավերածություններն էին շատ, տներից բացի նաև ավտոմեքենաներն են ավերվել։ Մենք կորել էինք փոշու մեջ։ Բարձրացա տուն, լվացվեցի ու նորից գնացի հարևաններիս մոտ։ Բարեբախտաբար, շենքի հրթիռակոծությունից զոհեր չունեցանք»։

Լաուրա Սարգսյանի համար ամենաուրախալի լուրը որդու ողջ մնալու մասին տեղեկություն իմանալն էր, իսկ ամենացավոտ ու դաժան տեսարանը՝ զինադադարից հետո Սասունի վերադարձը։ 
«Առաջին անգամ էի տեսնում որդուս այդ վիճակում, աշխարհը գլխին մթնվել էր, գլխիկոր մտավ տուն ու համարյա ոչ ոքի հետ բառ չէր փոխանակում։ Ես ոչինչ չգիտեի, զարմացած հարցեր էի տալիս, ասում էի, որ «այնքան կռիվ ես տեսել, պնդացել ես, ի՞նչ է կատարվում», ասաց՝ «զենքերը հանձնել ենք, բանակը կազմաքանդվում է, իսկ մենք լքում ենք Արցախը»․ իմ լեզուն էլ էր կապ ընկել»,- ասում է մեր զրուցակիցը։

73-ամյա կնոջ համար սարսափելին գաղթն էր: «50 տարվա դրած տունս տեղավորեցի 1 պայուսակում ու եկանք, այնտեղ թողել եմ 7 տասնամյակի կենսագրություն, սիրելի ամուսնու և հարազատների գերեզման։ Կարոտում եմ, շատ եմ կարոտում մեր քաղաքը, տունը, մաքուր փողոցներն ու մարդկանց։ Եթե անգամ քաղաքս հողին հավասարեցնեն, միևնույն է, հետ կգնամ ու նորից կկառուցեմ»,- հավելեց նա։ 

Հունան Թադևոսյան