Արցախի առաջնորդների, ռազմական ու պետական գործիչների ազատ արձակումը բոլորիս առաջնահերթ խնդիրն է․ Թաթոյան

Արցախի առաջնորդների, ռազմական ու պետական գործիչների ազատ արձակումը բոլորիս առաջնահերթ խնդիրն է․  Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրել է․

«Արցախի առաջնորդների, ռազմական ու պետական գործիչների առևանգմամբ և անօրինական ազատազրկմամբ Ադրբեջանի իշխանությունը`

1) լեգիտիմացնում է իր քաղաքական կեղծ թեզերը կեղծ մեղադրանքների առաջադրումով (տեռորիզմ ու տեռորիզմի ֆինանսավորում, փողերի լվացում, անօրինական զինված խմբավորումներ, սպանություններ և այլն).

2) լեգիտիմացնում է իր ցեղասպան քաղաքականությունը, ատելությունն ու թշնամանքը և դրանք առաջ տանելու իր համար «լեգիտիմ» հիմքեր ստեղծում.

3) մաքրում է իր վրայից գործած հանցանքները` մարդկանց սպանությունները, խոշտանգումներ, առևանգումներ, հարյուր հազարավոր մարդկանց բռնի տեղահանումներ և այլն.

4) ստեղծում է արդեն Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայի և նոր հանացանքների հիմքեր (օրինակ՝ խոշտանգումներով ստացվող ցուցմունքներով ու կեղծ քրեական վարույթներով և այլն).

5) փորձում է կոտրել հայ ժողովրդի ոգին, վիրավորում է ազգային արժանապատվությունը, հայ հասարակությունը պահում է լարվածության մեջ և մարդկանց պատճառում հոգեկան տառապանքներ:

Նրանց բոլորի ազատ արձակումը բոլորիս առաջնահերթ խնդիրն է՝ անկախ նրանցից որևէ մեկի նկատմամբ անձնական վերաբերմունքից`

Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան, Արայիկ Հարությունյան, խորհրդարանի ղեկավար Դավիթ Իշխանյան, նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյան, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայան, բարձրաստիճան զինվորականներ Լևոն Մնացականյան և Դավիթ Մանուկյան, տարբեր ժամանակ գերեվարված հայ զինվորականներ և քաղաքացիական անձինք: