Աբազյանն ասել է՝ դիր, գնա, ու չհարցնես՝ ինչու․ ինչպե՞ս են ճնշել Վազգեն Ռշտունուն

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին մեկ շաբաթ առաջ՝ Դատավորների ընդհանուր ժողովին ընդառաջ, հայտարարություն տարածեց, որով տեղեկացրեց, որ ինքը հրաժարվում է ԲԴԽ անդամի թափուր տեղի համար իր թեկնածությունն առաջադրելուց։
«Ցանկանում եմ իրազեկել, որ վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին: Ինձ համար մեծագույն պատիվ կլիներ դատավորներին տվյալ մարմնում ներկայացնելը, սակայն նժարին դրված էին իմ անձի հետ առնչություն չունեցող հարցեր, որոնք իմ գնահատմամբ ավելի կարեվոր են, քան Բարձրագույն դատական խորհրդի անդամ դառնալը. հակառակ մոտեցումը կարող էր գնահատվել եսասիրական»,- իր հայտարարության մեջ նշել էր Ռշտունին։
Նրա այս հայտարարությունը անակնկալ էր դատական համակարգի, բայց ոչ՝ գործադիր իշխանության ներկայացուցիչների և, հավանաբար, նաև ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի համար։ Մամուլում անմիջապես եզրակացություններ եղան, որ Ռշտունուն ճնշել են, հատկապես վերլուծելով նրա հայտարարության այս հատվածը, որտեղ նա ասում է․ «Նժարին դրված էին իմ անձի հետ առնչություն չունեցող հարցեր․․․»։
MediaHub-ին որոշակի մանրամասներ են հայտնի դարձել Վազգեն Ռշտունու՝ ԲԴԽ անդամի թափուր պաշտոնին չհավակնելու իր որոշումից։ Մեզ ասացին, որ Ռշտունուն իսկապես ճնշել են, և դա եղել է անձամբ Նիկոլ Փաշինյանի ցուցումով՝ ինչպես և սպասելի էր։
Ի դեպ, ուշագրավ է, որ թե՛ գործադիր, թե՛ դատական իշխանության ներսում Փաշինյանի հասցեին արտահայտվելիս այնքան զգուշավոր են, որ նրա անունը տալու փոխարեն ձեռքով ցույց են տալիս մորուքը՝ այդպիսով հասկացնելով, թե ում մասին է խոսքը։ Մարդիկ մտածում են, որ այդ մորուքավոր անձն ամեն տեղ «ժուչոկ» ունի տեղադրած, ու հնարավոր է՝ իրենց ևս գաղտնալսում է։
Ինչևէ, մեզ պատմեցին, որ Ռշտունու թեկնածության մասով բոլորն արդեն հաշտ էին և գիտեին, որ նա առաջադրվելու և ընտրվելու է, սակայն վերջին պահին Նիկոլ Փաշինյանը, գլխի ընկնելով, թե ով է Ռշտունին, ինչ հեղինակություն ունի և որ կառավարելի անդամ չի կարող լինել իրենց համար ԲԴԽ-ում, որոշում է կայացրել ամեն գնով հասնել նրան, որ վերջինս հանի իր թեկնածությունը։ Եւ գործի է դրել իր չեկիստական լծակները։ Նա հանձնարարել է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին, որ վերջինս իր մեթոդներով ճնշի Ռշտունուն, որ նա հրաժարավի ԲԴԽ անդամի թեկնածությունից։
Դատավորներին ճնշող գլխավոր մարմինը հենց ԱԱԾ-ն է, ու այդ ավանդույթներն ավելի են խորացել։ Եւ Արմեն Աբազյանը, ինչպես փոխանցեցին մեզ, Վազգեն Ռշտունուն ուղիղ ասել է․ «Դիր գնա, ու չհարցնես՝ ինչու»։
Աբազյանն այդպիսով թերևս հասկացրել է, որ իրեն հանձնարարել են՝ այդպես վարվել, այսինքն՝ սա իր նախաձեռնությունը չէ։ Բայց քանի որ միայն դա քիչ էր Ռշտունու որոշման վրա ազդելու համար, գործի են դրվել նաև «ավանդական» մեթոդները։
Մասնավորապես, Ռշտունուն հասկացրել են, որ եթե ինքը չհրաժարվի ԲԴԽ անդամի թեկնածությունից, կընկնեն իր դատավոր ընկերների հետևից, որոնց թվում, օրինակ, ՀՀ վարչական դատարանի նախագահ Աղասի Դարբինյանն է՝ Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի որդին, և կարգապահականների միջոցով ու այլ մեթոդներով կսկսեն ճնշել նրանց, ինչպես եղավ վերջին օրերին այլ «ընդդիմադիր» համարվող դատավորների դեպքում, որոնք հերթով դիմում գրեցին և հրաժարվեցին ԲԴԽ անդամի կամ դատավորի իրենց կարգավիճակից։ Ու թերևս հենց այս մասին էր ակնարկում Վազգեն Ռշտունին իր հայտարարության մեջ՝ ասելով, թե «նժարին դրված էին իմ անձի հետ առնչություն չունեցող հարցեր»։
Այսինքն՝ իր ընկերներին առնչվող հարցերի պատճառով է նա հետ կանգնել իր որոշումից։
MediaHub-ը փորձեց կապ հաստատել Վազգեն Ռշտունու հետ՝ այս տեղեկությունների վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։ Նրա հետ կապ հաստատելուն պես՝ իր մեկնաբանությունը ևս կներկայացնենք։
Վահե Մակարյան