Հիմա քավարա՞ն եք կանչել ինձ, որ ես էդ սխալների մասին պատմեմ․ Գեղամ Մանուկյան

Հիմա քավարա՞ն եք կանչել ինձ, որ ես էդ սխալների մասին պատմեմ․ Գեղամ Մանուկյան

Սեպտեմբերի 22-ին Բագրատ Սրբազանը մարզահամերգային համալիրում հայտարարեց, որ հոկտեմբերի 2-ից վերսկսում է ակտիվ պայքարը ընդդեմ այս իշխանության՝ կոչ անելով այդ օրը հավաքվել Հանրապետության հրապարակում։ Թե ինչու այդ օրը, ոչ ոք չգիտի, հոկտեմբերի երկուսը, բացի չորեքշաբթի լինելուց և խորհրդարանում էլ հարցուպատասխանի օր լինելուց ուրիշ որևէ բանով խորհրդանշական չէ, ուստի անհասկանալի է, թե ինչու հենց այդ օրը։ 

Հարցի պատասխանը MediaHub-ը փորձեց ստանալ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Գեղամ Մանուկյանից։ «Չէ, ճիշտն ասած, տեղյակ չեմ»,- ասաց պարոն Մանուկյանը։ 

-Իսկ Ձեզ համար որևէ բացատրություն ունի՞, թե ինչու է Սրբազանը հենց այդ օրն ընտրել։

-Թերևս, երևի ինչ-որ հաշվարկ, նախագծում ունի, դրա համար էլ այդ օրն է հայտարարել։ 

-Իսկ ընդդիմությունը տեղյա՞կ է, ի վերջո, Բագրատ Սրբազանն այս անգամ գոնե իշխանափոխության որևէ ծրագիր ունի՞, թե՞ ոչ։ 

-Դուք գիտեք, որ Սրբազանը տարբեր քաղաքական քննարկումներ, կոնսուլտացիներ ունենում է, բնականաբար, ծրագրերի մասին ևս քննարկումներ լինում են։ 

-Իսկ ձեր ուժի հետ որևէ քննարկում ունեցե՞լ է այդ հարցում։

-Քննարկումների մասին հայտարարվում է այնքան, ինչքան որ հայտարարվում է, եկեք սահմանափակվենք այդքանով։ 

-Այդ օրը նաև կառավարության հետ հարցուպատասխան է լինելու, «Հայաստան» դաշինքի պատգամավորները այդ օրը լինելու են դրսո՞ւմ, թե՞ խորհրդարանում՝ մասնակցելով կառավարության հետ հարցուպատասխանին։

-Տեսեք, ամեն անգամ չարչրկվում է էդ հարցը, ամեն հարցուպատասխանին հարցնում են․․․ Բնականաբար, ընդդիմությունը բոլոր գործընթացներին մասնակցում է։ 

-Բայց այդ օրը կոնկրետ երկու գործընթաց է լինելու՝ դրսում և ներսում, դուք որի՞ն եք մասնակցելու ավելի շատ։

-Երկուսին էլ կհասցնենք մասնակցել։ 

-Այսինքն՝ կմասնակցեք հարցուպատասխանին, հարցեր կտաք այսպես կոչված «մեծարգո վարչապետին», հետո կգնաք հրապարա՞կ։

 -Վարչապետին հարցեր չենք տալիս, տալիս ենք կառավարությանը։ 

-Իսկ իմփիչմենթի գործընթաց, ի վերջո, կլինի՞, թե՞ չի լինի։ 

-Դուք էն օրը առիթ ունեիք, Սրբազանին հարցեր էիք ուղղում, և բավականին ժամանակ ունեիք Սրբազանին հարցեր տալու գործողությունների հետ կապված։

 -Սրբազանը որևէ հստակ բան չի ասում, պարոն Մանուկյան, դրա համար հույսս Դուք եք, բացի այդ, իմփիչմենթը հենց խորհրդարանականների նախաձեռնելիքն է, ոչ թե Սրբազանի։ 

-Ցանկացած գործողության մասին միշտ հրապարակային ասում ենք, հարգելի՛ Վահե։ 

-Դա հասկանում եմ։ Հիմա հրապարակային ինչ-որ բան կասվի՞, օրինակ, իմփիչմենթի մասով։

-Ես հասկանում եմ Ձեր անհամբերությունը՝ շատ արագ գործողություններով վերջ տալ այս ամեն ինչին, և, բնականաբար, մեր բազմաթիվ հայրենակիցներ ունեն հասկանալի այդ համբերությունը, բայց, կրկնում եմ, ցանկացած գործողության մասին հայտարարվում է։ 

-Ես չորս տարի է՝ համբերատար սպասում եմ ամեն հերթական գործողությանը, պարոն Մանուկյան։

-Ես լրիվ հասկանում եմ ու հարգում եմ Ձեր անհամբերությունը, դա բոլորի ցանկությունն է։ 

-Այդուհանդերձ, Հանրապետության հրապարակում ի՞նչ է սպասվելու այդ օրը, ինչ-որ գործողություննե՞ր, թե՞ ելույթներ միայն։ 

-Կասվի դրա մասին։ Կա՛մ դրանից առաջ կասվի, կա՛մ դրանից հետո։

-Գառնիկ Դանիելյանն ասում էր, որ սխալների գույքագրում եք անելու, որ նորից նույն սխալները թույլ չտաք։ Դուք այդ սխալները, օրինակ, ունե՞ք հիմա գույքագրած։ 

-Հիմա քավարա՞ն եք կանչել ինձ, որ ես էդ սխալների մասին պատմեմ։ Սխալներից ամենամեծը, որ չենք հաջողել մինչև հիմա, և այս իշխանությունը շարունակում է մնալ իշխանություն։ 

-Չէ, դա ավելի շատ հետևանք է ձեր թույլ տված սխալների։ 

-Չէ, հենց էդ ա։ Այսքանով սահմանափակվենք, իսկ Բագրատ Սրբազանն էլ այսօր լայվով իր գործողությունների մասին խոսել է, կարող եք դիտել։

Վահե Մակարյան