ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը մեքենայի մե՞ջ է ապրում

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը, չնայած այն տեղեկություններին, որ իշխանության գալուց հետո իր հայրենի Ստեփանավան քաղաքում բազմահարկ առանձնատուն է կառուցում, իր 2023 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրում որևէ անշարժ գույք, որևէ բնակարան չի հայտարարագրել, որ հանրությունն իմանա՝ իր ընտրյալ պատգամավորը որտեղ և ինչ պայմաններում է բնակվում։ Փոխարենը Դավոյանը հայտարարագրել է 2011 թ․ արտադրության Hyundai մակնիշի (մոդելը՝ հավանաբար Elantra) ավտոմեքենա, որը նա ձեռք է բերել պատգամավոր դառնալուց հետո՝ 2021 թվականի նոյեմբերին։
Փաստորեն, ստացվում է, որ Արփի Դավոյանը, ըստ իր ներկայացրած (իսկ իրականում՝ բազմաթիվ տվյալներով թաքցրած) հայտարարագրի, բնակվում է մեքենայի մեջ, քանի որ ոչ տուն ունի, ոչ որևէ այլ բնակելի տարածք, որտեղ հնարավոր է ապրել։
Առհասարակ, այս տարի պաշտոնյաները կարծես համատարած կիսատ-պռատ են լրացրել իրենց հայտարարագրերը՝ դաշտերի մեծ մասը դատարկ է, բնակարանների մակերեսներն ու արժեքները նշված չեն, փոխառություն են տվել կամ վերցրել, որ կառուցապատողից բնակարան ձեռք բերեն, բայց այդ մասին չեն նշել, որ վարկը հենց այդ նպատակով է, որ իրենք նորակառույցում տան տեր դառնան, մեքենայի միայն մակնիշն են նշել՝ թաքցնելով մոդելը ու այսպես շարունակ։ Սրանով, թերևս, հենց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պիտի զբաղվի, որն ընդունում է այս հայտարարագրերը, բայց չի զբաղվում՝ չգիտես ինչու։
Արփի Դավոյանի հայտարարագրում ևս փոխառության մասին հիշատակում կա՝ շուրջ 25 մլն դրամի չափով, որը նա տրամադրել է «Միկշին» ընկերությանը, որը «Երազ» բնակելի թաղամասը կառուցապատող ընկերությունն է։ Դավոյանը, ենթադրաբար, այս ընկերությունից բնակարան է գնել վարկով, սակայն այդ մասին ուղիղ նշված չէ։ Միայն նշված է, որ փոխառությունը ստացողը Միկշինն է։ Դավոյանն այնքան փնթի ու անպատասխանատու է գտնվել իր հայտարարագիրը լրացնելու հարցում, որ անգամ ընկերության անվանումը պատշաճ չի ներկայացրել՝ «Միկշին» ՍՊԸ, ընդամենը գրել է Միկշին ու վերջ, անգամ չակերտ չի դրել։ Ու եթե մենք չիմանանք՝ ով կամ ինչ է այդ Միկշինը, ստացվում է՝ ոմն Միկշին զանգել ու մեծահարուստ Արփիից 25 մլն 197 հազար 496 դրամ պարտքով փող է ուզել։ Մինչդեռ, Դավոյանն ինքն է այդ չափով վարկ վերցրել, տրամադրել «Միկշին» ընկերությանը, և այդ վարկը անցյալ տարվա վերջին արդեն մարված է եղել։
ՔՊ-ական պատգամավորը երկու բանկային հաշիվ ունի ներկայացրած, որոնցից մեկին 2023 թվականի վերջին եղել է 3 մլն 995 հազար 10 դրամ, իսկ մյուսին՝ 1 մլն 458 հազար 162 դրամ։ Իսկ որպես կանխիկ դրամ Դավոյանը 2023-ի սկզբի տվյալներով հայտարարագրել է 1 մլն 200 հազար դրամ, որը տարվա վերջին դարձել է ընդամենը 58 հազար դրամ։ Այս ամենի ֆոնին Արփի Դավոյանը 71 մլն 479 հազար դրամի տարեկան եկամուտ է հայտարարագրել, որից միայն 9 մլն 995 հազարն է նրա աշխատավարձը՝ ստացած ԱԺ աշխատակազմից, իսկ, ահա, 56 մլն 63 հազար դրամ նա ստացել է ոմն Սերգեյ Էյլազյանից՝ որպես գույքային իրավունքներից ստացված եկամուտ։ Հավանաբար նրա վրա Դավոյանը բնակարան է վաճառել։
Բնամթերային ձևով ստացած եկամուտ Արփի Դավոյանը չի հայտարարագրել՝ այդ դաշտի բոլոր տողերում նշված է` 0 դրամ։
Վահե Մակարյան