Հյուսիսային Իրաքի Քիրքուկ քաղաքում կիրակի օրը բացվել է նոր միջազգային օդանավակայան․ հաղորդում է Kurdistan24 տեղեկատվական պորտալը։
Առաջին օդանավը, որը վայրէջք է կատարել օդանավակայանի թռիչքուղու վրա, կառավարական ինքնաթիռն է եղել, որը օդային նավահանգստի պաշտոնական բացման համար Քիրքուք է տեղափոխել Իրաքի տրանսպորտի նախարար Նասեր ալ-Շիբլին եւ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Խայամ Նիմատին:
Իրաքյան INA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօրվանից Քիրքուկի օդանավակայանը կսկսի միջազգային չվերթներ ընդունել։
«Քիրքուկի միջազգային օդանավակայանը համապատասխանում է բոլոր միջազգային չափանիշներին ու պահանջներին եւ պատրաստ է ընդունել ցանկացած թռիչք»,- հայտնել են Իրաքի քաղաքացիական ավիացիայի վարչությունից։
Քիրքուկի օդանավակայանը կառուցվել է անցյալ դարի յոթանասունականներին, սակայն օգտագործվել է որպես իրաքյան ռազմական ավիաբազա։
2003-ից 2011 թվականներին օդանավակայանն ակտիվորեն օգտագործվել է ամերիկյան զորքերի կողմից։
Օդանավակայանի վերակառուցումը սկսվել է 2018 թվականին՝ այն բանից հետո, երբ իրաքյան կառավարական ուժերը վերականգնել են վերահսկողությունը Քիրքուքում, որը նախկինում գտնվում էր քրդական զինված ուժերի վերահսկողության տակ։