Էկոնոմիկայի նախարարությունը պետք է հաշվարկի, վնասները գնահատի և մեղմի․ Գագիկ Վարդանյանը՝ դոլարի գնի անկման և ՀՀ-ում դրա ազդեցության մասին

Էկոնոմիկայի նախարարությունը պետք է հաշվարկի, վնասները գնահատի և մեղմի․ Գագիկ Վարդանյանը՝ դոլարի գնի անկման և ՀՀ-ում դրա ազդեցության մասին

Դոլարի գնի անկումը կապված է նաև ռուս-ուկրաինական պատերազմի հետ։  Ռուսաստանը էներգակիրների դիմաց  պահանջում է վճարել ռուսական ռուբլով, որը նվազեցնում է  դոլարի նկատմամբ պահանջարկը։ Բնականաբար, դրամը փոխկապակցված է ռուբլու հետ, ստացվում է, որ ինչ գործընթաց էլ տեղի ունենա Ռուսաստանում՝ նույնն անդրադառնում է ՀՀ-ի տնտեսության վրա։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը՝ խոսելով ԱՄՆ դոլարի գնի անկման մասին։


Վարդանյանի խոսքով՝ դոլարի գինը մինչև մոտ 300 դրամի կարող է հասնել։ Գնահատելով ՀՀ տնտեսությանն անդրադարձող ռիսկերը՝ տնտեսագետը նշեց՝ մեր երկրում սարսափելի վիճակում են քաղաքացիների խնայողությունները։ 


«Այս դեպքում, ավելի հարմար է, որ խնայողությունները դրամով պահվեն, բայց նույնիսկ այս դեպքում պետք է ռիսկերը բաշխվեն տարբեր արժույթների միջև՝ ոսկու տեսքով պետք է խնայողություն պահել կամ օրինակ՝ անշարժ գույքի»,-ասաց նա։


Տնտեսագետը մեկնաբանեց` երբ դոլարի կուրսն ընկում է՝ արտահանումն արդեն շահավետ չի լինում և այս դեպքում մեր արտահանող տնտեսվարողները մեծ, նշանակալի վնասներ են կրում։

«Սա մեր տնտեսությանը մեծ հարված է։ Արտահանողներն ավելի քիչ եկամուտ են ստանում, արժույթի կտրուկ անկման ազդեցությունն ավելի զգալի է և տնտեսվարողները չեն կարողանում հարմարվել իրավիճակին։ Կարծում եմ՝ նման դեպքերում պետական աջակցություններ պետք է լինեն տնտեսվարողներին, որպեսզի կարողանան հաղթահարել, մինչև կայունացում լինի»։


Գագիկ Վարդանյանի խոսքով՝ ռուս-ուկրաինական պատերազմը շարունակվում է, սրան զուգահեռ ավելանում են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների խստացները և ՌԴ-ն պետք է ավելի ամրապնդի ռուբլին, որպեսզի կարողանա ներքին խնդիրները լուծելու համար օգտագործի իր տնտեսությունը։  «Մեր տնտեսավարողները, որոնք նույնիսկ ԵԱՏՄ շրջանակներում են արտահանում՝ իրենք մեծ վնասներ են կրելու և պետք է դա Էկոնոմիկայի նախարարությունը հաշվարկի, վնասները գնահատի և մեղմի»։ 

 

Լիաննա Թորոսյան