Մերձավոր Արևելքը վերածվել է եռացող կաթսայի. ի՞նչ նոր զարգացումներ են սպասվում տարածաշրջանում (տեսանյութ)

Նոր գործընթացներ են նկատվում Ադրբեջան-Իսրայել, Իրան-Ադրբեջան, Թուրքիա-Իսրայել հարաբերություններում, որոնք, բնականաբար, կունենան հետագա զարգացում: Մեծ ուշադրություն գրավեց Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների՝ օրեր առաջ կայացած այցն Ադրբեջան, ինչից հետո հայտարարվեց նոր համատեղ նախագծերի մասին:

Գնալով ավելի է սրվում Իրան-Իսրայել հարաբերությունները, և, ըստ մի շարք կարծիքների, հեռու չէ նաև հնարավոր ռազմական բախումը, որի շրջանակներում Իսրայելը զորքեր կտեղակայի Ադրբեջանի տարածքում:

Իսրայելի իշխանությունները հրեական պետության քաղաքացիներին խորհուրդ են տվել խուսափել Թուրքիա և Իրանին սահմանակից երկրներ մեկնելուց։ Այս մասին ասված էր Ազգային անվտանգության խորհրդին կից հակաահաբեկչական բյուրոյի հայտարարության մեջ, որը տարածվել է հատկապես այն բանից հետո, երբ Իրանը Իսրայելին մեղադրեց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սպայի սպանության մեջ:

Վերջին 12 տարվա մեջ առաջին անգամ պետական մակարդակով բարձրաստիճան պաշտոնյաների այցեր եղան նաև Իսրայելի և Թուրքիայի միջև: Թուրքիայի և Իսրայելի միջև տարիներ շարունակ բացահայտ քաղաքական թշնամանքից հետո Անկարայում և Երուսաղեմում խոսվում է «նոր էջ բացելու» հնարավորության մասին: Մի քանի տարի առաջ Մոսադի նախկին ղեկավարը Թուրքիան Իսրայելի համար ավելի մեծ վտանգ էր անվանել, քան Իրանը։ Սա հիմնված էր Թուրքիայի կոնկրետ գործողությունների վրա:

Իսրայելը սերտ ռազմավարական համագործակցություն է հաստատել նաև Հունաստանի և Կիպրոսի հետ։ Այս երկրները բարդ հարաբերությունների մեջ են Թուրքիայի հետ, և Իսրայելը չի պատրաստվում դադարեցնել նրանց հետ փոխգործակցությունը։