Ներկայումս մեզ համար դիմադրությունն ու պայքարը այլընտրանք չունեն․ Ավինյան

Ադրբեջանական ագրեսիան մեզ ոչ թե պետք է ընկճի կամ վհատեցնի, այլ սթափության ու քրտնաջան աշխատանքի կարևորության մասին հիշեցում լինի։ Այդ մասին այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստում ասաց քաղաքապետի տեղակալի թեկնածու Տիգրան Ավինյանը։

Նրա խոսքով՝ մեր զինվորների հերոսությունը պետք է պարտավորեցնի մեզ շարունակել ապրել ու արարել, ուժեղացնել մեր պետությունը, զինել բանակը և զարգացնել տնտեսությունը.

«Ըստ էության, ներկայումս մեզ համար դիմադրությունն ու պայքարը այլընտրանք չունեն։ Սրանք իրողություններ են, որոնց հետ բոլորս պետք է հաշվի նստենք»,- նշեց նա։ 

Ըստ Տիգրան Ավինյանի՝ յուրաքանչյուր պաշտոն կամ կարգավիճակ ընդամենը միջոց է՝ նպատակների, գաղափարների իրականացման և խնդիրների լուծման համար։ 

«Ինձ հաճախ են հարցրել, թե արդյոք խնդրահարույց չէ փոխվարչապետի պաշտոնից հետո ստանձնել փոխքաղաքապետի պաշտոնը։ Ես վստահաբար ուզում եմ ասել՝ անկախ նախկինում ստանձնած բարձր պաշտոնից, անկախ ընտրությունների հետ կապված բոլոր քննարկումներից, ինձ համար մեծագույն պատիվ է լինել իմ ծննդավայր Երևանի փոխքաղաքապետ, ծառայել քաղաքին և երևանցիներին»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Նարե Գնունի