«Փաստ» օրաթերթը գրում է.
Երեկ Գյումրու քաղաքապետարանի՝ փաշինյանական «շոուն», որը քաղաքական դաշտը և փորձագետները գնահատում են որպես հերթական քաղաքական հաշվեհարդար, խորքային մի շարք պատճառներ ունի: Բացի «ավանդական» դրդապատճառները, երբ բոլոր այն համայնքներում, որտեղ ընդդիմությունը հաղթել է, ընթացքում տարբեր միջոցներով, այդ թվում՝ իրավապահ «գործիքակազմով» փորձ է արվել դրությունը «շտկել», կան նաև ընթացիկ պատճառներ:
Ի մասնավորի, առաջիկա համապետական ընտրություններից առաջ իշխանության համար կարևորագույն քաղաքական իրադարձություն է համարվում Վաղարշապատում կայանալիք ավագանու ընտրությունը: Մեր ունեցած տեղեկություններով, հատուկ ծառայությունները Փաշինյանին զեկուցել են, որ այդ ընտրություններում ՔՊ-ն խայտառակ պարտություն է կրում: Ըստ այդմ, Գյումրիում հենց այս փուլում նման «մասկի շոուի» միջոցով Նիկոլ Փաշինյանն առաջին հերթին փորձում է հուսահատություն սերմանել Վաղարշապատում՝ հասկացնելով, թե, միևնույնն է, ում էլ ընտրեն, ինքն է վերջնարդյունքում որոշելու՝ ով կլինի համայնքի ղեկավար: Այսինքն, նա ուղղակիորեն ակնարկում է, որ իր համար ընտրությունների արդյունքները զրոյական նշանակություն ունեն, ինչպես և այլ համայնքների պարագայում, այնպես որ կարիք չկա շատ «վիզ դնել» ու ընդդիմադիր թեկնածուների օգտին քվեարկել: Սա յուրատեսակ հոգեբանական ճնշում է, որպեսզի Արգիշտի Մեխակյանին ինչ-որ աճպարարությամբ դարձնի քաղաքապետ:
Սակայն, մեր տեղեկություններով, դա ֆանտաստիկայի ժանրից է, և արդար, ազնիվ ընտրությունների պարագայում վերջինս որևէ շանս չունի: Ավելին, ըստ փորձագետների, որքան Նիկոլ Փաշինյանը շատ է նման միջոցների դիմում, այնքան հանրությունն ավելի շատ է հակվում ի հեճուկս իրեն ընտրել ընդդիմադիր ուժերի:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Վեդի համայնքի Գինեվետ գյուղում հոկտեմբերի 13-ին տեղի էին ունեցել նախնական հանրային լսումներ՝ «Օրդ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Կարմիր սարի կրաքարային մերգելների օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների վերաբերյալ:
Նշենք, որ այս ծրագիրը նախատեսում է նաեւ ցեմենտի գործարանի կառուցում։ Սա հանրային քննարկումների առաջին փուլն է:
Ըստ նախագծի հեղինակների՝ նախատեսվում է 25 մլն դրամի ներդրում, որն անհրաժեշտության դեպքում կարող է հասցվել մինչեւ 35 մլն-ի։
Այս լսումներն անցնում էին լարված, հաճախ համայնքապետարանի աշխատակիցները կողմնակալ հայտարարություններ էին անում. կոնկրետ մեկը՝ ում եղբորորդին խորհրդարանում Մարդու իրավունքներն է պաշտպանում։
Խոսքը Ռուստամ Բաքոյանի հորեղբոր՝ Շամո Բաքոյանի մասին է, ով համայնքում այգիներ հիմնած ներդրողին՝ Գեւորգ Ավագյանին, հանրային լսումների ժամանակ խոչընդոտել է հարցեր հնչեցնել եւ բղավել է՝ «Դու կարաս գնաս քո Դանիայում էդ ամեն ինչը անես, կարաս հենց հիմա էլ գնաս»,- գոռգոռալով ասել է Բաքոյանը։
Շամո Բաքոյանը եղել է հանրային լսման պատասխանատուն. լսումները վերածվել են բանավեճի, ապա լեզվակռվի, հետո ժամանել են պարեկային ծառայության աշխատակիցները։
Սրանից բացի՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանը նամակով դիմել է Արարատի Մարզպետին եւ նշել, որ համայնքապետարանը կողմ է հանքարդյունաբերությանը։
Ստացվում է, որ հանքը շահագործելու «ոգեշնչումն» ուղիղ ազդակների միջոցով է ստեղծվել իշխանության կողմից։
«Կորիզ» երիտասարդական եւ համայնքային զարգացման կենտրոն ՀԿ-ի նախագահ Արփինե Խաչատրյանը, նկարագրելով լսումները, ասաց. «Կարծես լսմանը հատուկ բերվել էին մարդիկ՝ հանքին դեմ արտահայտվողներին ծաղրելու, անեծքներ տալու, վարկաբեկելու եւ զրպարտելու համար։ Մասնավորապես, Քաղցրաշենի, Այգեզարդի բնակիչներին ասվում էր, թե Երեւանից են եկել, ծախված են եւ այլն։ Կենսաբազմազանությանը սպառնացող վտանգներին ի պատասխան՝ հնչեցին ծաղրական արտահայտություններ թե՝ «էդ կակաչը բերքատվությունը բարձրացնո՞ւմ ա», հավանաբար, նկատի ունենալով, կարմիրգրքային նրբագեղ հիրիկը, հաջորդիվ թե՝ «տուրիզմը մեր երկրին ինչ ա բերելու», «նաղդը թողած՝ ընգնենք նիսյայի հետեւից»: Ի դեպ, վերջին արտահայտությունը Նոր Ուղու վարչական շրջանի ղեկավարինն էր»,- հայտնել է Արփինե Խաչատրյանը։
Ստացվում է, որ ամեն բան արվում է՝ կյանքի գնով հանքը շահագործելու համար»։
«Հրապարակ» թերթը գրում է․
Գյումրու օպերացիային զուգահեռ, ՔՊ-ական պաշտոնյաները, բանուգործը թողած, երեկ սինխրոն գրառումներ էին անում՝ Վ․ Ղուկասյանին որակելով թալանչի, կոռուպցիոներ՝ չսպասելով դատարանի որոշմանը, մոռանալով, որ Հայաստանը հռչակել են իրավական պետություն։
Եվ դա արվում էր ամենաբարձր մակարդակով՝ ԱԺ փոխնախագահ Ռուբինյանն էր վայրկյանը մեկ ստատուս գրում, էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն էր տարերքի մեջ, այն դեպքում, երբ քանի օր է՝ բեռնատարների վարորդները բողոքի ցույցեր են անում` պահանջելով, որ Ռուսաստան մուտքի արգելքները հաղթահարվեն: Սոցապնախարար Արսեն Թորոսյանը, ՔՊ-ական մատյան գունդը, անգամ ՀԷՑ-ի ինքնահռչակ կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն էին ստատուսներ գրում։
«Վարդանիկ» օպերացիային, մեզ հասած տեղեկություններով, նաեւ արցախցիներ են մասնակցել․ Հակակոռուպցիոն կոմիտեի օպերներից մեկը՝ ոմն Ա․ Գրիգորյանը, Արցախում հայտնի «Չոլկա» մականունով զինվորականի` Արարատ Մելքումյանի փեսան է։ Նա նաեւ ԱԱԾ փոխտնօրեն է եղել։ 44-օրյայի ժամանակ Մարտունու ինքնապաշտպանությանն է մասնակցել։
