Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Վարդան Ղուկասյանի օրերը հաշված են, Սրբուհի Գալյանին ծանր փորձություն է սպասվում. Մամուլը՝ սուրճով

Blog Image

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեւանում անցկացվող «Ժողովրդավարության ֆորումի» շքեղ դահլիճում երեկ հնչեց մի արտահայտություն, որը կոնկրետ քաղաքական հրահանգ կարելի է որակել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իբրեւ թե համեմատություն անցկացնելով Վանաձորի դեպքերի հետ, որտեղ ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կալանավորվել էր, իսկ քրեական անցյալ ունեցող Արկադի Փելեշյանը (Ակա), չլինելով ընտրված, կառավարում է Վանաձորը, ասաց. «Դուք անընդհատ ասում եք` Վանաձոր, Վանաձոր, բա Գյումրիի դեպքերը ինչո՞ւ չեք նկատում։ Իրավապահները արձանագրեցին, որ բաժանվել է ընտրակաշառք, մի քանի ձայնի կամ մի 100 ձայնի տարբերությամբ քաղաքապետը դարձավ քաղաքապետ, բայց ոչ մեկը ցույցեր չարեց, թե ոնց կարող է՝ ընդդիմությունը կաշառք բաժանի, քաղաքապետ ունենա։ Անընդհատ ասում եք՝ Վանաձոր, Վանաձոր։ Ընդդիմությունը 20-30-50 մլն դրամ կաշառք ա բաժանել՝ ոչինչ, մի 500 հազար ա տվել՝ ոչինչ։ Էդպես չի լինում», – հայտարարեց Փաշինյանը։

Այս խոսքերով Փաշինյանը փաստացի ճանապարհային քարտեզ հանձնեց իրավապահներին՝ Գյումրու ընդդիմադիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանին գահընկեց անելու ուղղությամբ։Նա ուղերձ տվեց. Գյումրին չի կարող ունենալ ընդդիմադիր քաղաքապետ։ Մնում է սպասել, թե ինչպես են իրավապահները կյանքի կոչելու այս «ժողովրդավարական» ճանապարհային քարտեզը»։

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին ծանր փորձություն է սպասվում՝ կատարել Նիկոլ Փաշինյանի՞, թե՞ օրենքի պահանջը։ Բանն այն է, որ, ըստ օրենքի, կուսակցության նորընտիր վարչության կազմը պետք է գրանցվի նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում, իշխող թիմից երեկվա դրությամբ դեռ չէին դիմել պետռեգիստր` համագումարում տեղի ունեցած արդյունքների գրանցման, ղեկավար կազմում փոփոխություններ անելու համար, սակայն մեծ է հավանականությունը, որ ՔՊ-ում, թքած ունենալով օրենքի վրա, կստիպեն, որ պետռեգիստրը գրանցի ընտրությունների արդյունքները:

Իսկ «Կուսակցությունների մասին» օրենքի վերջին փոփոխությունների համաձայն` վարչության անդամ կարող են ընտրվել համագումարում ձայնի իրավունք ունեցող մասնակիցների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը ստացած անձինք: Ընտրվածներից 8 հոգի այս շեմը չի հաղթահարել` ընտրողների կեսից ավելիի ձայնը չի ստացել: Հիմա Գալյանին կանգնեցնելու են փաստի առաջ։

Ի դեպ, ՔՊ-ում քիչ ժամանակ ունեն` օրենքը 10-օրյա ժամկետ է սահմանում՝ համագումարից հետո դիմում ներկայացնելու համար, մեկ ամսից էլ քիչ ժամանակ կա գործող վարչության լիազորությունների ավարտին` այն լրանում է հոկտեմբերի 29-ին, ու դրանից հետո նորի լիազորություններն ուժի մեջ կմտնեն, եթե նախարարությունը գրանցի բոլոր ընտրվածներին։ Երեկ ՔՊ ֆրակցիայի տարբեր օղակներում քննարկել են օրենքը խախտելու մասին մեր հրապարակումը, սակայն դեռ որոշում չեն կայացրել ու չգիտեն էլ՝ ինչ խոսեն, ինչպես բացատրեն

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ադրբեջանի նախագահը մի կողմից ստորագրում է Խաղաղության հռչակագիր, մյուս կողմից չի հրաժարվում իր ամբողջատիրական նկրտումներից՝ շարունակելով առաջ տանել այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջան» թեզը, որը ներառում է ՀՀ ինքնիշխան տարածքի մեծ մասը:

Քանի որ ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին վերջին հայտարարություններում հիշատակվող աղբյուրներում, մասնավորապես՝ 2022 թ. հոկտեմբերին Պրահայում ընդունված հռչակագրում, որում հղում է արվում 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրին, բացակայում է որեւէ հղում կոնկրետ քարտեզների, «Ժողովուրդ» օրաթերթը հստակ տեղեկանալու համար մի քանի հարց է ուղղել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։

Մասնավորապես հետաքրքրվել ենք.

1. Կոնկրետ ո՞ր քարտեզ(ներ)ի հիման վրա են Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, եթե հիշատակվող Պրահայի եւ Ալմա-Աթայի հռչակագրերում բացակայում է որեւէ հստակ հղում կոնկրետ քարտեզներին։

2. Արդյո՞ք գոյություն ունի որեւէ համաձայնեցված կամ իրավական ուժ ունեցող քարտեզ, որը կողմերի միջեւ ամրագրված է որպես տարածքային ամբողջականության ճանաչման հիմք։

3. Իլհամ Ալիեւի կողմից պարբերաբար հնչում են թեզեր «Արեւմտյան Ադրբեջանի» վերաբերյալ, որը, ըստ նրա, գտնվում է ներկայիս ՀՀ ինքնիշխան տարածքում:

ՀՀ ԱԳՆ լրատվության եւ հանրային դիվանագիտության վարչության պետի պաշտոնակատար Հակոբ Սարգսյանի անունից ստացել ենք հետեւյալ պատասխանները. «Կարող ենք ընդգծել, որ 2024թ. օգոստոսի 30-ին ստորագրված «Հաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի եւ Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգի համաձայն, սահմանազատման գործընթացում կողմերը կհիմնվեն Ալմա-Աթայի հռչակագրի վրա, եթե հետագայում ՀՀ-ի եւ ԱՀ-ի միջեւ Խաղաղության համաձայնագրով այլ կարգավորումներ նախատեսված չեն: Ինչպես երեւում է օգոստոսի 8-ին նախաստորագրված եւ օգոստոսի 10-ին հրապարակված համաձանագրի տեսքից, դրանով այլ բան նախատեսված չէ: Ամբողջական համաձայնագիրը՝ այստեղ։

Ավելին՝ համաձայնագրում հաստատելով, որ նախկինում ԽՍՀՄ խորհրդային սոցիալիստական հանրապետությունների միջեւ սահմանները դարձել են համապատասխան անկախ պետությունների միջազգային սահմանները եւ որպես այդպիսին ճանաչվել միջազգայն հանրության կողմից՝ կողմերը ճանաչում են եւ կհարգեն միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգային սահմանների անձեռնմխելիությունը եւ քաղաքական անկախությունը»:

ՀՀ ԱԳՆ-ից հիշեցնում են. «Կանոնագրում ամրագրված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրով առաջնորդվելու հիմնարար սկզբունքը կանխորոշում է վերաբերելի փաստաթղթերի շրջանակը, քանի որ այդ փաստաթղթերը պետք է լինեն Խորհրդայի միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող եւ իրավաբանորեն հիմնավորված փաստաթղթեր եւ քարտեզներ, որոնք արտահայտել են Խորհրդային Հայաստանի եւ Խորհրդային Ադրբեջանի միջեւ առկա վարչական սահմանը: Ինչ վերաբերում է ձեր կողմից հիշատակված այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջան» խոսույթին, այդ մասով ՀՀ դիրքորոշումը արտահայտվել է մի շարք հանրային անդրադարձներում»։

Send