Խուզարկել են դատավոր Արտուշ Գաբրիելյանի տունը․ հայտնաբերվել է մոտ 500 հազար դոլար

Խուզարկել են դատավոր Արտուշ Գաբրիելյանի տունը․ հայտնաբերվել է մոտ 500 հազար դոլար

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ իրավապահները խուզարկել են դատավոր Արտուշ Գաբրիելյանի տունը եւ ArmLur.am-ի տեղեկություններով՝ խոշոր չափերի գումար են հայտնաբերել:

ArmLur.am-ին հասած տեղեկություներով՝ հայտնաբերված գումարի չափը կազմում է մոտ 550 հազար դոլար:

Վերջինիս փաստաբան Էրիկ Ալեքսանյանից փորձեցինք հասկանալ՝ խուզարկել են, թե ոչ, եւ այդքան գումար հայտնաբերվել է, թե ոչ։ Ի պատասխան՝ վերջինս հայտնեց, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանի կալանավորման որոշումը բողոքարկել են, և նախաքննության շահերից ելնելով այլ բան չի կարող հայտնել:

Ինչպես հայտնի է, մայիսի 2-ին դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվեց, նա այս պահին գտնվում է Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում:

Հակակոռուպցիոն կոմիտեն պաշտոնապես հայտարարություն տարածեց, որ, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 2025 թվականի ապրիլի 29-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի մասնակցությամբ իրականացվել է ապացուցողական գործողություն։ Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում դեռևս 2011 թվականից մեկ քրեական գործ է քննվել, որը վերաբերել է խոշոր խմբաքանակի հերոին տեսակի թմրամիջոց Հայաստան տեղափոխելու եւ Երևան քաղաքում խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը եւ ահա, ըստ նախնական վարկածի, դատավոր Արտուշ Գաբրիելյանը ձգձգել է գործը այնքան, որ լրանա 15 տարին, որ վաղեմության ժամկետի հիմքով այս գործով անցնող հերոինի «պարագլուխ» Զոհրաբ Յեզգատյանին ազատի պատժից:

Քրեական վարույթով կալանքի տակ են ևս երկու անձ, որոնցից մեկը դատավոր Արտուշ Գաբրիելյանի ընկերն է ու կաշառք տվող անձը: