Խաչատուրյանը Լատվիայի նախկին նախագահի հետ ցեղասպանությունների դեմ մարտահրավերներն է քննարկել
![Խաչատուրյանը Լատվիայի նախկին նախագահի հետ ցեղասպանությունների դեմ մարտահրավերներն է քննարկել](https://mediahub.am/uploads/images/2024/12/image_750x_675b1d68bba55.webp)
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լատվիայի նախկին նախագահ Էգիլս Լևիտսին, ով Երևան էր ժամանել «Ընդդեմ Ցեղասպանության Հանցագործության» 5-րդ Գլոբալ Ֆորումին մասնակցելու համար:
Նախագահը ողջունել է հյուրին և շնորհակալություն հայտնել կարևոր միջոցառմանը մասնակցելու համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ցեղասպանությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների արդիական մարտահրավերների և դրանց դիմագրավելու ուղղությամբ համընդհանուր քայլերի իրականացման վերաբերյալ հարցեր: Շեշտվել է նմանատիպ հանցագործությունների կանխարգելման համար միջազգային իրավական մեխանիզմների և գործիքակազմերի արդյունավետ կիրառման անհրաժեշտությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և գլոբալ իրադրության և իրադարձությունների, կայուն խաղաղության ապահովման և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ուղիների և հնարավորությունների վերաբերյալ:
Կողմերը դրական են գնահատել նաև Հայաստանի և Լատվիայի հարաբերությունների բարեկամական բնույթը և սերտ համագործակցությունը երկկողմ և միջազգային տարբեր ձևաչափերում: