Գայանեն մահացավ պատերազմի խուճապից. նրա որդուն մայրություն է անում քույրը 

Գայանեն մահացավ պատերազմի խուճապից. նրա որդուն մայրություն է անում քույրը 

Բելլա Աբրահամյանն Արցախի Աստղաշենից է տեղահանվել և հաստատվել Գորիսի հյուրանոցներից մեկում։ Ապրում է քրոջ որդու՝ 10-ամյա Սաշայի հետ, նրա լիիրավ խնամակալն է, ու ինչպես ինքն է ասում, արդեն մայրը։ 

Բելլայի քույրը՝ 48-ամյա Գայանեն պատերազմի, դրա հետևանքով ստեղծված խուճապի զոհ է դարձել։

«Սեպտեմբերի 19-ին, նախքան ռազմական գործողությունները նա առավոտյան ոտքով Աստղաշենից Նորագյուղ էր հասել՝ ուտելիք բերելու»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է Բելլան։ Դեռ Նորագյուղում էր, երբ սկսվեց պատերազմը։ 

Բելլան ասում է, որ ինքը զանգահարել ու խնդրել է քրոջը, որ դուրս չգա գյուղից, մնա մեկի տանը, մինչև հրետակոծությունը կդադարեր։ «Ես նրան ասացի, որ երեխան իմ կողքին է, չմտածի, միայն թե ինքն անվտանգ տեղում լինի, բայց չլսեց, որոշեց գալ։ Այդ ժամանակ կրակում էին, գնդակոծում։ Ոչ մի շարժ չկար, բոլորն ապաստարաններում էին։ Ինքը վազելով գյուղից գյուղ եկել ու դաշտամիջյան ճանապարհով փորձել է հասնել Աստղաշեն։ Վազելու ընթացքում ընկել է, գլուխը տվել քարին»,- պատմում է քույրը։

Բելլայի խոսքով՝ Գայանեն մեկ օր անգիտակից վիճակում մնացել է նույն տարածքում։ Նրան առաջինը նկատել էին շտապ օգնության մեքենայով վիրավորներ տեղափոխող բուժանձնակազմը։ Առաջին օգնություն են ցուցաբերել, որից հետո Գայանեն ճամփա է ընկել կարճ ճանապարհով։ Կապը կորել է նրա հետ։ Հաջորդ օրը հարևան գյուղի բնակիչներից մեկը քրոջն ասել է, որ տեսել է Գայանեին ընկած վիճակում, նա մտածել է, թե Գայանեն մահացած է։ Նույն պահին համայնքի ղեկավար Արթուր Գրիգորյանը մյուս համագյուղացիների հետ գնացել ու տարհանել են Գայանեին։ 

«Նա դեռ անգիտակից վիճակում էր, բայց շնչում էր, գլխի շրջանում վնասվածք ուներ։ Բերել ենք տուն։ 5 օր շարունակ գլխի շրջանում ծանր վիրավորում ստացած կինն առանց բուժօգնության է մնացել։ Գյուղում համարյա մարդ չկար։ Ես էլ էի արդեն խուճապում։ 5-րդ օրը վերջապես մեր տուն հասավ շտապ օգնության մեքենան։ Ճանապարհին հենց Աստղաշենի խաչի մոտ՝ Գայանեն մահացավ հիվանդանոց տանելու ճանապարհին»,- ասում է մեր զրուցակիցը:

Նրա դին փնտրել են Ասկերանում, նույնիսկ մի քանի անգամ Բելլան ոտքով է գնացել այնտեղ, բայց չի գտել։ Հասկանալով, որ դատարկված գյուղում մնալն օր օրի վտանգավոր է դառնում, վերցրել է քրոջ որդուն, ձեռնունայն, ոտքով Աստղաշենից հասել Ստեփանակերտի հրապարակ, այնտեղից ավտոբուսով տեղափոխվել Գորիս։ 

Գայանեի դին նրա հարազատները գտել են Մասիսի դիահերձարանում, հուղարկավորել՝ Սևանում։ Բելլա Աբրահամյանն այժմ քրոջ որդու հետ վարձակալական հիմունքներով ապրում են Գորիսում։ Երեխայի խնամքով զբաղվում է ինքը։ 

«Սաշան հարմարվել է այստեղ, դպրոցի հոգեբանն աշխատում է հետը։ Ես ու ինքն էլ համերաշխ ապրում ենք նույն հարկի տակ։ Մայրություն եմ անում նրան, ինքս դեռ մայր չդարձած»- հավելում է 55-ամյա կինը։ 

Բելլան, որ քրոջ մահից հետո Սաշայի խնամակալն է դարձել, տեղահնությունից հետո բախվել է մի շարք խնդիրների, այժմ էլ սոցիալական աջակցության կարիք ունի։

Հունան Թադևոսյան