«Ուրեմն, չկա արձագանք»․ ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին լռում, երբ ծաղրում են Քրիստոսին

Մի քանի օր է անցել Փարիզում օլիմպիական խաղերի բացման արարողությունից, որի ժամանակ ինչ-որ եվրոպացի ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ-կերպարներ ծաղրուծանակի են ենթարկում քրիստոնեական արժեքները, Հիսուս Քրիստոսին և նրա 12 աշակերտների հետ հայտնի «Խորհրդավոր ընթրիքը»։ Այդ ամենը, որի անունը նրանք դրել էին շոու, շատ մեծ քննադատության ալիք է բարձրացրել համացանցում և ամբողջ քրեստոնյա աշխարհում՝ բացի Հայաստանից, իհարկե։
Առաջինը քրիստոնեությունն ընդունած Հայաստանում զարմանալիորեն լռում են այս այլանդակության մասին։ Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից լռությունն ու տոլերանտությունը այսօրինակ պղծությանը կարելի է հասկանալ, քանզի նրանք հեռու չեն եկեղեցին, կրոնը, քրիստոնեական արժեքները մերժելուց, ոտնահարելուց և հակառակը՝ մոտ ու տոլերանտ են ԼԳԲՏ արժեհամակարգին։ Այս իմաստով փաշինյանական իշխանության կողմից այսպիսի անտարբերությունը կարելի է հասկանալ։ Բայց ոչ մի կերպ չենք կարողանում հասկանալ Հայ առաքելական եկեղեցու անտարբերությունն ու լռությունն այս թեմային։
MediaHub-ը մի քանի օր է՝ փորձում է որևէ դիրքորոշում, արձագանք լսել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, թե ոչինչ չունի՞ ասելու աշխարհում քրիստոնեությունն ընդունած Հայ առաքելական եկեղեցին, եթե նույնիսկ Ֆրանսիայի հոգևոր առաջնորդն է հենց նույն օրը կոշտ արձագանքել իր երկրում տեղի ունեցած այդ պիղծ շոուին։ Անգամ Իրանն է իր բողոքը հայտնել Ֆրանսիայի դեսպանին: Բայց մեր եկեղեցին համառորեն լռում է։
Մեզ ո՛չ տեղեկատվական համակարգից արձագանքեցին, ո՛չ էլ հոգևորականներից։ Ում զանգում էինք, ասում էին՝ «ի՞նչ պետք է արձագանքենք, ոչինչ չունենք արձագանքելու»։ Մենք փորձեցինք այս թեմայով մեկնաբանություն ստանալ նաև Մայր Աթոռի՝ մեր ընկալմամբ ավելի ադեկվատ հոգևորականներից մեկից՝ Ռուբեն Վարդապետ Զարգարյանից, սակայն նրա արձագանքն էլ, մեղմ ասած, տարօրինակ էր։
Նա նախ ճշտեց, թե ինչո՞ւ այս հարցով չենք զանգում տեղեկատվական համակարգ։ Ասացինք, որ դիմել ենք, բայց տեղեկատվական համակարգն էլ է լռում, մյուսներն էլ են լռում։ «Ուրեմն, չկա արձագանք, եթե լռում են»,- ասաց հայր Ռուբենը։
-Այսինքն՝ մեր եկեղեցին որևէ արձագանք չունի՞ նրան, որ քրիստոնյա աշխարհում ծաղրում են Քրիստոսին։
-Ուրեմն, նախ առանձին հոգևորականների արձագանքն ուրիշ է, պաշտոնական արձագանքն ուրիշ է, հիմա Ձեր հետաքրքրությունն ինչի՞ն է վերաբերում։ Եթե պաշտոնական արձագանք լիներ, կկարդայիք բոլորդ։
-Իսկ Դուք՝ որպես հոգևորական, ինչպե՞ս եք վերաբերվում դրան։
-Ո՞նց պիտի վերաբերվեմ, դրակա՞ն։
-Չգիտեմ։ Եթե որևէ մեկիդ կողմից որևէ արձագանք չկա, ապա ի՞նչ իմանամ՝ ինչպես եք վերաբերվում։
-Դե, ո՞նց կարող եմ վերաբերվել, կամ որևիցե հոգևորական կարո՞ղ է դրական վերաբերվել։
-Իսկ ինչո՞ւ չեն արձագանքում, եթե այդպես է։
-Ի՞նչ իմաստ ունի, իմաստը ո՞րն է։ Ասենք՝ արձագանքեցինք, իմաստը ո՞րն է, եթե ամեն ինչ գլոբալիստների ձեռքում է։ Արձագանքենք, ասենք՝ մի նայե՞ք։ Ու էս ժողովուրդը պիտի չնայի՞։ Արձագանքը համացանցում տեսնում եմ, պատրիարքն ինչ-որ մի պահ խոսել է, հորդորել է, տարածում են, ի՞նչ արձագանք պիտի լինի հոգևորականների կողմից։
Վահե Մակարյան