Փաշինյանը բարիկադը բերեց Երևան

Փաշինյանը բարիկադը բերեց Երևան

Անցած ամռանը հարուցված գործի շրջանակում ձերբակալվել են ՀՅԴ երկու ներկայացուցիչներ և մեկ համակիր։ Ընդդիմադիր կուսակցությունն այս ձերբակալություններն արդեն քաղաքական է որակել։

Քննչական կոմիտեն երեկ հայտնել է, որ դեռ օգոստոսին են վարույթ նախաձեռնել հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու հոդվածով։ Եվ անցած հինգ ամիսների քննության արդյունքում եզրակացրել են, որ վարչապետի հրաժարականը պահանջող «Դիմադրության» շարժման հավաքներին դաշնակցականներն Արարատի մարզի բնակիչներին մայրաքաղաք գումարով են բերել։

Ռեպրեսիվ այս գործողություններին հավելենք նաև տեղեկատվությունն այն մասին, որ դարձյալ օրակարգ է բերվել «Հայաստան» խմբակցության 22 պատգամավորների, բացակայությունների հիմքով, մանդատից զրկելու հարցը:

Հայաստանի ներքաղաքական կյանքում, կարծես թե, ցնցումներ չկան: Համենայն դեպս, շատ վաղուց չկան հանրահավաքներ, իշխանության հրաժարականի պահանջ, ավելին՝ խորհրդարանական ընդդիմության վարկանիշը բազմաթիվ գնահատականներով գրանցել է պատմական հակառեկորդ:

Արդ, ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ ընդդիմության դեմ սկսվել է ռեպրեսիաների հերթական ալիքը:

Ըստ ամենայնի, իշխանության քայլերը կանխարգելիչ բնույթ ունեն: Ենթադրվում է, որ առաջիկա ամիսներին իշխանությունը ցավոտ զիջումների է գնալու ԼՂ հարցում ու այդ պատճառով նախապես փորձում է չեզոքացնել դիմադրության հնարավոր օջախները:

Իշխանությունը չի հասկացել պարզ մի ճշմարտություն. երբ հասարակության մեծամասնությունն այլևս չի վստահում իշխանությանը, ապա միշտ կգտնի ուժեր, որոնց միջոցով կարտահայտի իր դժգոհությունը:

Հետևաբար, մեկ ուժի կամ դաշինքի թիրախավորումն անհեռանկար մի գործ է:

 

Վահրամ Բագրատյան