Գերիների խափանման միջոցը տնային կալանքով փոխարինելը չի բխում Ադրբեջանի քաղաքական շահից

Գերիների խափանման միջոցը տնային կալանքով փոխարինելը չի բխում Ադրբեջանի քաղաքական շահից

Ադրբեջանում ապօրիանաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների վերադարձի և իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքները տարբեր մակարդակներ ու տարբեր ուղղություններ են ընդգրկում։ Ըստ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի՝ դրանք ոչ մի րոպե կանգ չեն առել, հակառակ այն բանի, որ խոշոր հաշվով արդյունք չեն տալիս։

«Երբ նշում ենք տարբեր մակարդակներ, նկատի ունենք միջազգային հարթակում հարցի վերաբերյալ իրազեկման աշխատանքների իրականացումը՝ տարբեր երկրների քաղաքական դերակատարների և կառավարությունների առաջ։ Այս հարցում անուրանալի դերակատարում են ունեցել նաև սփյուռքի մեր հայրենակիցները։ Քաղաքական և իրավական մեխանիզմների համադրությամբ փորձ ենք անում հնարավորինս օգտագործել մեր լծակները, բայցև հասկանում ենք, որ գործ ունենք մի երկրի հետ, որը չի գործում միջազգային իրավունքի  դաշտում»,-նշում է Ստեփանյանը։

Նրա կարծիքով՝ Ադրբեջանում ընթացող դատավարությունը կեղծ իրավական պրոցես է, որը Բաքուն ներկայացնում է իբրև արդարադատության գործընթաց։ Մեր զրուցակցի խոսքով՝ այս գործընթացն ի բնե որևէ կապ չունի արդարադատության հետ։ 

«Այդ մարդկանց իրավունքների պաշտպանությունն անտեսված է և ռեալ հիմքեր կան, որ իրենց իրավունքն իրացնելու հնարավորություն չունեն։ Քաղաքական գործերի պարագաներում որևէ ձև հույս պահել, որ խափանման միջոցը, այսինքն՝ ավելի ծանր միջոցը փոխել ավելի մեղմով, ի սկզբանե տրամաբանական չէր, քանի դեռ դա չի բխում Ադրբեջանի քաղաքական շահից»։

Բաքվում պահվող գերիների, Արցախի ղեկավարության ու մյուս պատանդների խափանման միջոցը տնային կալանքով փոխարինելու միջնորդությունն, ըստ Մարդու իրավունքների պաշտպանի՝ հերթական շոու էր, որի ասելիքը աշխարհին իրենց «արդարադատությունը» ցույց տալու նպատակ ուներ։ 

«Եթե անգամ կալանքը ենթադրում էր նրանց տեղափոխել Ստեփանակերտ, ապա դա  ենթադրում է մի շարք այլ բաղադրիչներ, որոնք առկա պայմաններում ուղղակի անհնար են»,-հավելեց նա։

Հունան Թադևոսյան