Ձեզ հավելյալ ռեսուրս եմ տալիս, հիմնավորեք, թե ինչի չեք ուզում․ Հայկ Սարգսյանը՝ ՊՆ փոխնախարարին

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ քննարկվում է ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։
ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը ևս ներկա է նիստին, որից ՔՊ-ական պատգամավոր Քրիստինե Պողոսյանը հետաքրքրվեց, թե այս օրենքը մինչև երբ է գործելու։
«Օրինակ՝ 10 տարի հետո իմ 27 տարեկան տղան կարո՞ղ է գալ ու ասել, որ 27 տարիս լրացել է, չեմ ծառայել, ես էս օրենքով ուզում եմ ազատվել»,-հարցրեց Պողոսյանը։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց․ «Մենք ձեր զավակին սպասումից կզրկենք, տիկին Պողոսյան»։
Հայկ Սարգսյանն էլ ասաց, որ որևէ անձնական շահ չունի այս օրենքի նախագծի շրջանակում։
«Ու չեմ ուզում, որ տպավորություն լինի, թե դուք կամ ինչ-որ մեկը պետք ա իմ խաթր կողմ կամ դեմ քվեարկի։ Խնդրում եմ՝ մտեք օրենքի բովանդակության մեջ, հասկացեք, եթե օրենքը մեր երկրի պետական շահին է միտված, քվեարկեք կողմ, եթե տեսնում եք, որ վնասելու է, խնդրում եմ՝ դեմ քվեարկեք, բայց համոզվեք, թե սա իրենից ինչ է ներկայացնում։ Ես բոլոր փաստարկներն ամիսներ շարունակ ներկայացնում եմ»,- նշեց Հայկ Սարգսյանը։
Պատգամավորը հարց ուղղեց նաև փոխնախարարին՝ ընդգծելով, որ ամեն տարի զորակոչի թվի նվազում են ունենում և ինքն ուզում է հավելյալ պահեստազոր տալ։
«Եթե չեք ուզում դրանից օգտվել, կարամ չտամ, բայց դուք չեք հիմնավորում, դուք չեք կարա հրաժարվեք, որովհետև եթե ես ուզում եմ ռեսուրս տալ, որով դուք կարող եք ՀՀ պաշտպանությունը ճիշտ կազմակերպել, դուք իրավունք չունեք էդ ռեսուրսից հրաժարվելու։ Հակառակը՝ պետք է շնորհակալությամբ դա ընդունեք։ Ասում եմ՝ 14 հազար քաղաքացի ունենք, որոնք դիմում են գրում, քաղաքացիություն ստանում, բայց չեն ծառայում։ Ասում են՝ ուզում եմ համ ձեզ փող տամ, համ ծառայեմ, համ էլ ձեր պահեստազորում հաշվառվեմ, որ պատերազմի ժամանակ էս ռեսուրսն օգտագործեք, դուք ասում եք՝ չեմ ուզում, հիմնավորեք ինչի չեք ուզում։ Փաստացի՝ մարդիկ քաղաքացիություն են ստանում, ոչ ծառայում են, ոչ գումար են մուծում ու ուշ տարիքում պահեստազորում են հաշվառվում, որը չենք կարողանում օգտագործել։ Ձեզ հավելյալ ռեսուրս եմ տալիս, հիմնավորեք, թե ինչի չեք ուզում։ Չասեք՝ անարդարացի ա և այլն, անարդարացին նա է, որ այս քաղաքացիները մինչև 28 տարեկան սպասել են, նոր են քաղաքացի դարձել, ոչ ծառայում են, ոչ էլ գումար են մուծում։ Ես էս մասին 2021 թվականին էլ եմ բարձրաձայնել, երբ օրենքի փոփոխություն բերեցի, որով զոհված զինծառայողների տղաներին և եղբայրներին ազատում էինք ծառայությունից, ասում էին՝ բոլորը պետք է ծառայեն, բայց թվերով ցույց եմ տալիս, որ բոլորը չեն ծառայում։ Հավելյալ ռեսուրս եմ տալիս, եթե չեք կարողանում տնօրինել էդ ռեսուրսը, էդ ուրիշ հարց ա, կադրային քաղաքականությունը փոխեք, բայց ռեսուրսից մի հրաժարվեք»։
ՊՆ փոխնախարարը պատասխանեց, որ Հայկ Սարգսյանի ազնիվ մղումներին չի կասկածում, բայց այն մտքին է, որ սրանով նպաստելու են, որ մարդիկ ոչ թե կգան, այլ կգնան։
Լիաննա Թորոսյան